Վերաքննիչ դատարանը չվերացրեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և պարտավորեցրեց վարույթն իրականացնող մարմնին վերացնել տուժողի իրավահաջորդի իրավունքների և ազատությունների խախտումը
13:53, June 4, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. հունիսի 3-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Գ. Ավետիսյանի, շարունակվեց մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ կայացված դատական ակտի դեմ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը տուժողի իրավահաջորդ Լուսինե Փարսադանյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Արայիկ Զալյանի և Անի Չատինյանի կողմից բողոքարկվել էր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն էլ բավարարել էր ներկայացված բողոքը:
Հիշեցնենք նաև, որ վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում կայացած նախորդ դատական նիստին ներկայացվեց վերաքննիչ բողոքը, դրա դեմ առարկությունները, նախագահող դատավորը որոշ հարցեր ուղղեց կողմերին, որից հետո դատական նիստը հետաձգվեց՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով:
2015 թ. հունիսի 3-ի դատական նիստին մասնակցում էին բողոքաբեր ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Ա. Մնացականյանը, վարույթն իրականացրած Գ. Գենջոյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Չատինյանը:
Նախագահող դատավոր Գ. Ավետիսյանը փորձեց պարզել վարույթն իրականացրած մարմնից, թե որն է եղել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հապճեպ կայացնելու պատճառը: Ի պատասխան Գ. Գենջոյանը նշեց, որ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չի հիմնավորվել բժշկական սխալի առկայությունը, որի հիման վրա էլ կայացվել է համապատասխան որոշումը:
Նախագահող դատավորը ևս մի քանի հարցեր ուղղեց տուժող կողմի իրավունքների խախման վերաբերյալ և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Քիչ անց հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը և միաժամանակ փոփոխեց ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը, մասնավորապես, պարտավորեցրեց վարույթն իրականացրած մարմնին վերացնել տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցիչների իրավունքների խախտումները:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտը և դրանում ներկայացված վերլուծությունները տեսեք որոշման մեջ: