Ճակատից խփել ցրիվ են տվել. քառօրյա պատերազմից հետո սպանված զինվորի հայրը դժգոհ է
09:55, April 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱպրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 12-ին, շարքային Սևակ Խաչատրյանին, ով 2.5 ամսվա ծառայող էր, գլխին ստացած հրազենային վնասվածքով գտել էին զորքի նստեցման շրջանում, երբ տագնապից հետո նրանց զորքի տեղակայման հիմնական վայրից տեղափոխել էին այդ նստեցման շրջան: Քրեական գործ էր հարուցվել, կատարվածը իրավապահ մարմինների կողմից որակվել էր զենքի հետ անփույթ վարվելու հետևանք, և գործի քննությունը կարճվել էր:
Սևակ Խաչատրյանի հայրը՝ Նորայր Խաչատրյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը բացարձակ համաձայն չէ իրավապահների գնահատականների հետ: Բացի այդ, նրա խոսքով՝ գործը չի քննվել բազմակողմանի և օբյեկտիվ կերպով, փորձաքննությունները թերի են, որոնք ամբողջությամբ չեն ապացուցում պաշտոնական վարկածը, թե՝ Սևակն ինքն է իրեն վնասել: «Իրենք քրեական գործում ասում են, որ որդիս զենքի հետ խաղալու հակում է ունեցել, բայց այդ դեպքում ինչո՞ւ են նրան զենք տվել, մի բան էլ այդ օրերին երկրորդ զենք են տվել: Կամ՝ եթե զենքի հետ խաղալու հակում ուներ, ինչո՞ւ չէին տանում նախապատրաստական դասընթացների»,- ասաց հայրը:
Խաչատրյանի խոսքով՝ ինքը հստակ չի կարող ասել, թե ինչ է իրականում եղել: Դեպքից հետո խոսակցություններ են շրջանառվել, որ Սևակը սպանվել է դիվերսիոն խմբի կողմից: «Բայց սրանք խոսակցություններ են, և ես կարող եմ դրանց հավատալ, քանի դեռ գործն արդարացի չի քննվել: Հակառակ դեպքում ես չեմ հավատում, որ իմ որդին այդ մահով է մահացել: Բացառվում է, որ նա զենքի հետ խաղար ու այդպիսի վիրավորում ստանար: Ավտոմատով ճակատից տված ա, ու ամբողջ գանգուղեղը ցրիվ է եկել: Դա հնարավոր չի, որ մարդ կարողանա ինքն իրեն այդպիսի վնասվածք հասցնել՝ զենքը պահելու դիրքից կախված և այլ հանգամանքներ հաշվի առնելով»,- նկատեց Նորայր Խաչատրյանը:
Դեպքից հետո կատարված մի շարք փորձաքննություններում այդպես էլ բառ անգամ չկա, թե ինչ հեռավորությունից է կրակոցն արձակվել: Բացի այդ, ըստ գործի նյութերի՝ կրակոցի պահին ավտոմատի խլացուցիչը զենքի վրա չի եղել, իսկ այդ պարագայում, հոր խոսքով, բացառված է, որ արձակված կրակոցի բոցից աչքերի հատվածում, դեմքին այրվածքներ կամ վնասվածքներ չլինեին: Իսկ փորձաքննությամբ հաստատվել է, որ Սևակի դեմքին ոչ մի վնասվածք չի եղել: «Իսկ դա նշանակում է, որ կրակոցն արձակվել է ինչ-որ հեռավորությունից: Իրենք սրա մասին խոսք անգամ չեն ուզում ասել, ու սրա մեջ ես միտում եմ տեսնում: Ուրեմն մի բան կա, մի բան թաքցնում են»,- ասաց Խաչատրյանը:
Քրեական գործի կարճումից հետո Խաչատրյանը իր պաշտպան Անի Չատինյանի (ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան-ՀՔԱՎ) հետ բողոքարկել են Գորիսի առաջին ատյանի դատարանում, սակայն մերժում են ստացել: Մերժումը բողոքարկել են նաև վերաքննիչ դատարանում և կրկին անարդյունք: Չատինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են դիմել վճռաբեկ դատարան, սակայն եթե այդ ատյանում էլ հաջողության չհասնեն՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Քրեական գործի վարույթն իրականացվել է ոչ օբյեկտիվ, ոչ բազմակողմանի և ոչ լրիվ քննություն է կատարվել: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ պարզված չեն: Օրինակ՝ այդ տարածքում նրա միայնակ լինելը, մարմնի վրա առկա վնասվածքները, նրան կցված այլ անձի ինքնաձիգը: Բազմաթիվ փաստեր կան հետևություն անելու, որ գործն օբյեկտիվ չի կատարվել»,- ասաց Խաչատրյանի պաշտպան Անի Չատինյանը՝ հավելելով, որ եթե վճռաբեկ դատարանն էլ մերժի, իրենք մի շարք փաստեր ունեն, որոնք հիմք կհանդիսանան ՄԻԵԴ-ի դիմումի համար: