Ընտրակաշառքը հետ են ուզում. ահազանգ Գյումրիից եւ Արտաշատից
13:15, April 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանրապետության տարբեր մարզերից ահազանգեր է ստանում այն մասին, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածուների կողմից բաժանված ընտրակաշառքը քաղաքացիներից հետ է պահանջվում: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. «Ըստ մեզ հասած տեղեկությունների` որոշ համայնքներում ընտրակաշառք տված 10 հազար դրամները հետ են վերցնում ընտրողներից: Չեմ հրապարակում այդ համայնքների անունները, բայց միաժամանակ հայտարարում եմ, որ այն քաղաքացիները, որոնք կցանկանան բողոքել նման «անտակտ ու անվայելուչ, անհարգալից» վերաբերմունքի դեմ, կարող են դիմել մեր կազմակերպություն: Մենք կաշխատենք օգնել Ձեզ…»:
Հարցին, թե ինչով են պայմանավորում գումարը հետ պահանջելը, մտածում են` իրենց չե՞ն ընտրել, Սաքունցը պատասխանեց. «Ճիշտն ասած, երեւի թե պետք է լրացուցիչ ուսումնասիրել, որովհետեւ ես միայն ենթադրություն կարող եմ անել, որ գուցե ընդհանրապես քվեարկության չեն գնացել, եւ տեղում վստահված անձինք կամ իրենց կողմից նշանակված դիտորդները արձանագրել են, եւ հիմա նրանցից, ովքեր չեն մասնակցել ընտրությանը, հետ են պահանջում»: Արթուր Սաքունցն ասաց, որ ահազանգեր ստացել են Գյումրիից, Արտաշատից եւ այլ համայնքներից:
Այս ամենը իրավապաշտպանը պայմանավորում է այն հանգամանքով, որ եղել են լայնածավալ եւ համատարած բնույթի ընտրակաշառքներ, իսկ իրավապահ մարմինները բացարձակ քայլեր չեն ձեռնարկել դրանք բացահայտելու ուղղությամբ: