«Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի գործն էլ միջազգային կառույցներին կհասնի
10:36, May 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանը պետք է բողոքարկի Հատուկ քննչական ծառայության որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն արդեն չորրորդ անգամ կարճում է գործով վարույթը՝ հիմնավորելով, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը եւ նրա արարքում հանցակազմի չկա:
Արթուր Սաքունցի համար ՀՔԾ-ի կողմից գործի նման ելքի վերաբերյալ որոշումը զարմանալի չէ, որովհետեւ, ըստ նրա. «Երբ խոսքը գնում է իշխանության ներկայացուցչի կամ իրավապահ մարմնի ներկայացուցչի մասին, ՀՔԾ-ն կոչված է ոչ թե պատասխանատվության ենթարկելու գործողություն կատարել կամ հանցագործության իրավական գնահատական տալ ու նյութերը դատարան ուղարկել, այլ կոծկել ու իրավական այնպիսի հիմնավորումներ գտնել, որ իբր չկա հանցագործություն: Ելքը միանշանակ այն է, որ լրագրողը պետք է բողոքարկի դատական ատյաններում ու հասնի մինչեւ Ստրասբուրգի դատարան»:
Պարոն Սաքունցից հետաքրքրվեցինք՝ ինչով է պայմանավորում գլխավոր դատախազ-ՀՔԾ հակադրությունը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ի կողմից այս Քրեական գործը արդեն երեք անգամ կարճելու որոշում էր կայացվել, երեք անգամ էլ դատախազը վերացրել էր այդ որոշումը: «Չգիտեմ՝ ինչով պայմանավորել քննչական մարմինների ու դատախազի վարքագիծը: Ակնհայտ է, որ որոշակի խնդիրներ երկու այդ մարմինների միջեւ կան, ավելի շատ երեւի անձնական ամբիցիաների հարց է»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով, ամեն տարի իրենք իրենց զեկույցներում իրավապաշտպանների, այդ թվում լրագրողների նկատմամբ բռնություններն են ներառում, այդ զեկույցները ուղարկում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ ՄԱԿ, ԵԽ. «Այնպես չէ, որ այնտեղ չի հասնում: Այդ փաստերի վերաբերյալ լուրջ հարցադրումներ են կատարվում: Պարզապես կա ոտնձգության չափ, Ադրբեջանում խայտառակ վիճակ է, այս պահին ուշադրությունն այնտեղ է սեւեռված»:
Աղբյուրը՝ www.aravot.am