Ավարտին է մոտենում Լիա Միսակյանի մահվան գործով դատաքննությունը
11:42, May 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Լիա Միսակյան2015 թ. մայիսի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2 տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանական կողմի միջնորդությունների քննարկումից հետո դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին, և դատական ճառով հանդես եկան մեղադրող Դավիթ Կարապետյանը, տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը /ճառն այստեղ/, վերջինիս ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Տաթևիկ Սիրադեղյանը /ճառն այստեղ/:
2015 թ. մայիսի 4-ի դատական նիստին ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, մինչ պաշտպանական ճառի հրապարակումը, դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարանին: Գ. Հովհաննիսյանը հայտնեց, որ դատաքննության ընթացքում դատարանի կողմից կանխակալ և կողմնակալ վերաբերմունք է դրսևորվել մեղադրանքի կողմի նկատմամբ, որի մասին պաշտպանական կողմը բազմաթիվ անգամ արձագանքել է: Կանխակալ վերաբերմունք դրսևորելու փաստը պաշտպանը հիմնավորեց դատարանի կողմից պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունների մերժմամբ: Պաշտպանը նշեց նաև, որ դատարանի կողմից թույլ է տրվել մրցակցության իրավունքի խախտում, քանի որ դատարանն ուղղակի մեղադրանքի կողմի ցանկության հիման վրա դատարան է հրավիրել և հարցաքննել փորձաքննություն իրականացրած մի շարք անձանց, մինչդեռ պաշտպանական կողմը, նույնիսկ հիմնավոր միջնորդություններ ներկայացնելով՝ հրավիրելու և հարցաքննելու փորձագիտական հանձնաժողովի նախագահ Արգամ Հովսեփյանին, զրկվել է նրան հարցաքննելու հնարավորությունից: Գ. Հովհաննիսյանն այդպիսով գտնում է, որ դատարանը հանդես է գալիս մեղադրանքի կողմում, չի արտահայտում իրավունքի շահերը, խախտում է ամբաստանյալների արդար դատաքննության իրավունքը և խնդրեց հայտնել ինքնաբացարկ:
Գործով մեղադրող Դ. Կարապետյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշեց, որ միջնորդությամբ որևէ հիմնավորում կանխակալ վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ չի ներկայացվել, միայն նշվել է, որ պաշտպանական կողմի միջնորդությունները չեն բավարարվել: Մինչդեռ, մեղադրողը գտավ, որ դատարանի կողմից այդ միջնորդությունները չբավարարելը իրավաչափ է եղել և միայն այդ փաստը չի կարող հիմք հանդիսանալ դատավորին բացարկ հայտնելու համար:
Տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանը նույնպես առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նրա ներկայացուցիչ Ա. Սաքունցը նշեց, որ տուժող կողմի միջնորդությունները բավարարելը չի կարող հիմք հանդիսանալ մրցակցության իրավունքի խախտման համար, իսկ մյուս ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանն առարկեց միջնորդության դեմ և խնդրեց մերժել այն:
Դատարանն այդպիսով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Քիչ անց դատարանը հրապարակեց որոշման ներածական և եզրափակիչ մասերը: Մասնավորապես, դատարանը, խորհրդակցական սենյակում քննության առնելով ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը, որոշեց մերժել այն:
Որոշման հրապարակումից հետո դատարանն առաջարկեց պաշտպանական կողմին հանդես գալ ճառերով:
Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը նշեց, որ իր ճառը երկար չի լինելու, քանզի գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ապօրինի է, հիմնավորված չէ, ակնհայտ է, որ մեղադրական դատավճիռ է կայացվելու, այդ պատճառով էլ կարիք չունի հետևություններ, վերլուծություններ կատարել, համոզել, որ իր պաշտպանյալն անմեղ է: Գ. Հովհաննիսյանը նշեց, որ մեղադրողն իր ճառում որևէ հիմնավորում չէր ներկայացրել լրացուցիչ պատիժ նշանակելու անհրաժեշտության վերաբերյալ, այն դեպքում, երբ նախաքննության ընթացքում չի կասեցվել ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի մասնագիտական գործունեությունը: Այսքանով, Գ. Հովհաննիսյանը խնդրեց ճանաչել իր պաշտպանյալի անմեղությունը:
Ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ պաշտպանական ճառին պատրաստվելու բավարար ժամանակ չի ունեցել, քանզի չի ստացել նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունների վերաբերյալ կայացված դատական ակտերի օրինակները, ուստի խնդրեց հետաձգել դատական նիստը:
Դատավարության կողմերը չառարկեցին դատական նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդության դեմ: Դատարանը, բավարարեց ներկայացված միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015 թ. մայիսի 14-ին, ժամը 16:00-ին: