Գայանե Առուստամյանի գործով ևս մեկ միջնորդություն ներկայացվեց
18:38, May 6, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղաշարժի ազատություն | Գայանե Առուստամյան2016 թ. մայիսի 6-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցչի՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը քննարկելու անհրաժեշտությամբ:
Դատական նիստը կայացավ հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանի ու պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ:
Դատարանը, քննարկելով Գ. Առուստամյանի ներկայացուցչի միջնորդությունը, գտավ, որ այն անհիմն է և ենթակա է մերժման:
Նախագահող դատավոր Հ. Այվազյանի հարցին ի պատասխան՝ Գ. Առուստամյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հայտնեց, որ ունի ևս մեկ միջնորդություն: Նա նշեց, որ երկու պահանջով միջնորդություն է ներկայացնում դատարան, սակայն քանի որ դրանց հիմնավորումները որոշակիորեն համընկնում են, դրանք ներկայացնում է մեկ փաստաթղթի տեսքով:
Տ. Սիրադեղյանը նախ միջնորդություն ներկայացրեց գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու պահանջով՝ գտնելով, որ չնայած որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 214-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ կետը հնարավորություն են տալիս անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ Վարչական դատարան դիմել վարչական մարմնին կամ պաշտոնատար անձին, սակայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածի դեպքում պետք է հստակ սահմանվի դատարան դիմելու՝ միայն վիրավորանքի հասցեատեր պաշտոնատար անձի իրավունքը: Վերոնշյալը Տ. Սիրադեղյանը հիմնավորեց նրանով, որ նշված հոդվածը վարչական պատասխանատվություն է առաջացնում կոնկրետ ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելու համար, իսկ վիրավորանքն անձի պատվի ու արժանապատվության դեմ ուղղված արարք է, հետևաբար՝ նա պետք է հնարավորություն ունենա անձամբ իրացնել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, քանի որ ՀՀ Սահմանադրությունը կոնկրետ անձին է վերապահում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
Այդպիսով՝ Տ. Սիրադեղյանը միջնորդեց կասեցնել վարչական գործի վարույթը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կարգով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին կետի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու համար:
Երկրորդ միջնորդությունը ներկայացնելով՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց դրան անդրադառնալ նախորդ միջնորդությունը մերժելու դեպքում: Բացի նախորդ միջնորդությամբ նշված հիմնավորումներից՝ նա հայտնեց, որ այն դեպքում, երբ կոնկրետ վիրավորանքից տուժած անձը չի հայցադիմում ներկայացնում դատարան, նա զրկվում է իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու միջոցներից, քանի որ վարչական դատավարության ընթացքում չի կարող գործով ներգրավվել որպես տուժող, ինչպես նաև չի կարող քաղաքացիական հայց ներկայացնել դատարան՝ վիրավորանքը ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հնչեցվելու պատճառով: Միաժամանակ Տ. Սիրադեղյանը նշեց, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը հնարավորություն չի տալիս վարչական մարմնին պաշտոնատար անձի իրավունքների պաշտպանության հայց հարուցել դատարան, իսկ պաշտոնատար անձին ուղղված վիրավորանքը չի կարող դիտարկվել վարչական մարմնին հնչեցված վիրավորանք:
Այսպիսով՝ Տ. Սիրադեղյանը գտավ, որ տվյալ դեպքում հայցադիմումը դատարան պետք է ներկայացվեր ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանության սերժանտ Դավիթ Պիլիպոսյանի կողմից: Հաշվի առնելով նշվածը՝ Գ. Առուստամյանի ներկայացուցիչը միջնորդեց ՀՀ Ոստիկանության կողմից ներկայացված հայցի մասով կարճել վարչական գործի վարույթը՝ հայցադիմումը՝ դա ներկայացնելու իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմքով:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանն առարկեց ներկայացված միջնորդությունների դեմ՝ երկուսն էլ համարելով անհիմն:
Դատարանը հարց ուղղեց պատասխանող և հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցչին՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված հայցադիմումը՝ դա ներկայացնելու իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու հիմնավորումը: Տ. Սիրադեղյանը նշեց, որ գուցե հայցադիմումը վարույթ ընդունելու ժամանակ այդ հանգամանքը դատարանի համար ակնհայտ չի եղել, դա պարզաբանվել է դատավարության ընթացքում, քանի որ գործի քննության արդյունքում պարզ է դարձել, որ ենթադրյալ վիրավորական արտահայտությունը հնչեցվել է կոնկրետ ոստիկանության ծառայողի հասցեին, հետևաբար՝ վերջինս պետք է հայցադիմում ներկայացներ դատարան:
Դատարանը, միջնորդությունը քննարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված, հետաձգեց դատական նիստը՝ նշանակելով մեկ այլ հերթի:
Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ:
Տես նաև՝ aravot.am