Ժիրայր Սեֆիլյանի հարցով դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
10:08, July 6, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՔաղբանտարկյալներԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող հետապնդման հարցով դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին:
«Սպասում ենք որոշակի արձագանքների:Այս պահին տեղեկատվության հավաքագրման, ճշտման իրենց գործառույթներն են իրականացնում»,- ասաց պարոն Սաքունցը:
Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբոր՝ Թաթուլ Մանուկյանի կալանավորմանը՝ պարոն Սաքունցը նկատեց, որ ապօրինի զինամթերքի պահպանման համար է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել, իսկ դա օբյեկտիվ փաստ է. «Հո չես կարող քաղաքական հետապնդում համարել:
Իսկ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը միանշանակ քաղաքական հետապնդում է, բացարձակ որեւէ հիմք չկա, ոչ մեղադրանք առաջադրելու, ոչ խափանման միջոց կալանքը կիրառելու, որովհետեւ խոսքը վերաբերում է մի այնպիսի գործողության, որ իբր նախաձեռնել է զինված հարձակումներ, հեռուստաաշտարակի գրավում եւ այլն, որոնք բացարձակապես անհիմն էին: Ավելին՝ կապում են այնպիսի մարդկանց հետ, որոնց մոտ զենք են հայտնաբերել, ըստ քննչական կոմիտեի, մեկ ամիս առաջ տեղի ունեցած ավտովթարի ժամանակ խուզարկության արդյունքում:
Մեկ ամիս հետո, որ իբր թե ցուցմունք են տվել, որ այդ ամենի հետ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանը, այդ ցուցմունքը ակնհայտ ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով՝ բռնության ու ճնշումների միջոցով:
Մեղադրանքն առաջադրվել է մեկ ցուցմունքի հիման վրա, այսինքն, մարդու նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի հոգու ցուցմունքով»:
Ըստ իրավապաշտպանի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների տներում իրականացված խուզարկությունները Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործի տրամաբանության մեջ են ու քաղաքական հետապնդման շարունակությունն են.
«Ինչ վերաբերում է Պավել Մանուկյանի եղբոր տանը զենք հայտնաբերելուն, հիմա Լիսկայի տանն էլ, որ նույնիսկ չգիտեմ՝ պատերազմին ինչքանով է մասնակցել, մի ամբողջ զինանոց հայտնաբերեցին, պատերազմի մասնակիցներից ամեն մեկի տանն էլ կարող է մի փամփուշտ գտնեն, այն ժամանակվանից գուցե անփութորեն թողած լինեն: Պավելի եղբայրը նույնպես պատերազմի մասնակից է, հիմա ում տանը զենք- զինամթերք հայտնաբերեն, ուրեմն Սեֆիլյանի խմբի՞ց է լինելու: Իշխանությունները հերթական անգամ ձախողվելու են, որովհետեւ հնարավոր չի լինի չեղած բանն ապացուցել»: