Սկսվեց Լիա Միսակյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը
22:15, October 6, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք2015 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Գ. Ավետիսյանի, սկսվեց երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների և ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նշանակված նախորդ դատական նիստերը հետաձգվել էին դատավարության տարբեր կողմերի՝ դատական նիստերից բացակայելու պատճառով:
Կողմերին ներկայացվող բացարկի և ինքնաբացարկի հիմքերի բացակայությունը պարզելուց, ինչպես նաև Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի բովանդակությունը և վերաքննիչ բողոքների էությունը հրապարակելուց հետո Դատարանն անցավ բողոքների քննությանը:
Վերաքննիչ բողոքով հանդես եկան տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը և ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Տուժող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատժի մասով. Ա. Սաքունցը նշեց, որ Դատարանի կողմից նշանակված ազատազրկման ձևով պատժի չափերը չեն բխում ՀՀ Քրեական օրենսգրքի պահանջներից, քանզի որպես ամբաստանյալների անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ Դատարանը հաշվի է առել նրանց՝ նախկինում դատված չլինելը, դրական բնութագիրը և Արաբկիր բժշկական համալիրի տնօրենի խնդրանքը՝ մեղմ պատիժ նշանակելու և լրացուցիչ պատիժ չնշանակելու վերաբերյալ: Սակայն ըստ տուժող կողմի՝ ամբաստանյալների դրական բնութագրի վերաբերյալ Դատարան ներկայացված հիմքերը չէին կարող բավարար և հիմնավոր փաստարկներ դիտարկվել վերջիններիս անձը բնութագրելու համար, իսկ Արաբկիր բժշկական համալիրի տնօրենի խնդրանքն, ընդհանրապես, չէր կարող դիտվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք: Բացի դրանից՝ Ա. Սաքունցը հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ Դատարանը պետք է ամբաստանյալների նկատմամբ նշանակեր նաև լրացուցիչ պատիժ՝ նրանց զրկելով որոշակի ժամկետով մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Այդպիսով՝ գտնելով, որ Դատարանի կողմից նշանակված պատժի չափերը չեն բխում արդարացի պատիժ նշանակելու՝ ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված նորմից և չեն կարող հանգեցնել պատժի նպատակներին հասնելուն, խնդրեց պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացնելով ազատազրկման ձևով պատժաչափերը և նշանակելով լրացուցիչ պատիժ:
Վերաքննիչ բողոքով հանդես եկավ նաև Զ. Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը, ով հիմնավորումներ ներկայացրեց իր վստահորդի պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ՝ նշելով, որ Զ. Այվազյանին առաջադրված մեղադրանքը պարզ և հասկանալի չէ, ինչը հնարավորություն չի տալիս հստակ հասկանալ, թե նա ինչում է մեղադրվել, ապա՝ դատապարտվել, ինչի մասին Զ. Այվազյանը Դատարանում հայտնել է, սակայն մեղադրողը և Դատարանը որևէ միջոց այդ ուղղությամբ չեն ձեռնարկել: Ե. Սարգսյանը, սակայն, ամբողջությամբ չներկայացրեց վերաքննիչ բողոքը, քանի որ Դատարանի վարույթում քննվող մեկ այլ գործով նախապես նշանակված նիստի պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2015 թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին:
Տես նաև՝ hcav.am