Հայկ Խաչատրյանի գործով հարցաքննվեցին փորձագետները
10:54, November 6, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր, Հայկ Խաչատրյան2014 թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ` դատավոր Վ. Գրիգորյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին սկսվել էր երկրորդ կրկնակի դատաբժշկական փորձաքննության կազմում ընդգրկված փորձագետների հարցաքննությունը: Սույն դատական նիստին հարցաքննվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության 4-րդ ամբիոնի վարիչ, մասնագիտությամբ վիրաբույժ Մուշեղ Միրիջանյանը:
Տուժող կողմը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի և օրվա մասին, կրկին չէր ներկայացել դատաքննությանը:
Մեղադրող կողմի հարցերին ի պատասխան փորձագետը նշեց, որ որովայնային ցավերի դեպքում հիվանդի նկատմամբ դինամիկ հսկողություն ապահովելու համար Հայկ Խաչատրյանը պետք է պահվեր բազմապրոֆիլ հիվանդանոցում, որպեսզի կանխվեր ավելի ծանր պաթոլոգիան: Բժիշկը նշեց, որ վիրաբուժության մեջ գոյություն ունի սուր որովայն հասկացությունը, որը կարող է լինել թերապևտիկ, ինֆեկցիոն, վիրաբուժական և պնդեց, որ ամեն դեպքում պետք էր նախ ժխտել վիրաբուժական պաթոլոգիայի առկայությունը, որի հետևանքները կարող էին ավելի ծանր լինել:
Դատական նիստի ընթացքում դատարանը փորձեց պարզել, թե արդյոք վիրաբույժի կողմից Հայկ Խաչատրյանին ստուգելուց հետո անհրաժեշտ չէր վարակաբանին տեղեկացնել հիվանդին ինֆեկցիոն հիվանդանոց չտեղափոխելու մասին: Գործով որպես փորձագետ ներգրավված վիրաբույժ Մ. Միրջանյանը հայտնեց, որ ջրծաղիկը գտնվել է ծաղկման շրջանում, որի բուժումը 1-2 օր ուշացնելը բարդություն չէր առաջացնի, մինչդեռ վիրաբուժական խնդիրների դեպքում նույնիսկ 3 ժամը կարող էր նշանակություն ունենալ: Բացի այդ, փորձագետը նշեց, որ նույնիսկ վարակաբանին տեղեկացնելու դեպքում հիվանդը պետք է մնար հոսպիտալում, իսկ երբ դինամիկ հսկողության արդյունքում համոզվել են, որ Հակ Խաչատրյանի մոտ վիրաբուժական խնիրները ժխտվել են, նրան տեղափոխել են համապատասխան հիվանդանոց: Իր հարցաքննության ընթացքում փորձագետ Մ. Միրիջանյանը ժխտեց վիրաբույժի գործողություններում խախտումների առկայության փաստը, մի քանի անգամ նշեց, որ հիվանդն անտեր չի մնացել, նրան առանձնացրել են, համապատասխան բուժում իրականացրել:
Փորձագետի հարցաքննությունից հետո դատարանը, հաշվի առնելով, որ տուժող կողմը դատական նիստին ներկա չէր և չէր կարող դատաքննությունը լրացնելու վերաբերյալ միջնոդություններ ներկայացնելու իրավունքից օգտվել, հետաձգեց դատական նիստը` այն նշանակելով 2014 թ. նոյեմբերի 21-ին, ժամը 12:00-ին: