«Սուրիկ Խաչատրյանի պնդումները քվեարկության արդյունքները կեղծելու մտադրություն էին»
11:50, November 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ պետական պաշտոնյաները հանրաքվեի քարոզչության մեջ ներգրավվելով` վարչական ռեսուրսներն են օգտագործում: «Սյունիքի մարզպետի եւ մնացած պաշտոնատար անձանց ներգրավումը քարոզարշավին միանշանակ վարչական ռեսուրսի օգտագործում է, հատկապես, որ քարոզարշավի ընթացքում նույնիսկ արձակուրդ չեն վերցնելու: Բայց հաշվի առնելով Հայաստանի քաղաքական, իրավական մշակույթի բացակայությունը, եթե նույնիսկ այդ պաշտոնյաները գնային արձակուրդ, նրանց ներգրավումը քարոզարշավի մեջ ռիսկային է»,- կարծում է իրավապաշտպանը: Անդրադառնալով Սյունիքի մարզպետի վստահությանը, որ Սյունիքում մեծ տոկոսներ է ապահովելու, պարոն Սաքունցն ասաց` հնարավոր չէ. «Ինչքան տոկոս պետք լինի, կարող ենք խփել, իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ ՀՀ մյուս բնակավայրերում ու մարզերում բնակչությունը ոչ միայն պատշաճ իրազեկված չէ սահմանադրական փոփոխությունների բուն բովանդակությանը, այլեւ տեղյակ չէ՝ ինչ է առաջարկվում ու ինչ է դրվել հանրաքվեին»: Պարոն Սաքունցի համոզմամբ, իշխանությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունը խիստ ցածր մակարդակի վրա է, այդ է ըստ նրա, պատճառը, որ «այո» քվեարկողների թիվը լավագույն դեպքում կարող է սահմանափակվել պետական ու ՏԻՄ կառույցներում ընդգրկված անձանցով ու նրանց ազգականներով. «Իսկ քաղաքացիների մեծամասնությունը մերժում է ու բացասաբար է վերաբերում սահմանադրական փոփոխություններին»: Իրավապաշտպանը Սուրիկ Խաչատրյանի պնդումներից, թե ժողովուրդը միանշանակ այո է քվեարկելու, մի բան է հասկացել. «Կարող է մարզպետն ուղղակի խոսել, իսկ դա խոսում է քվեարկության արդյունքները կեղծելու մտադրության մասին, քանի որ այլ ճանապարհ, քան կեղծելը, չկա»:
Աղբյուրը՝ aravot.am