Գործընթացն ամբողջությամբ հակաժողովրդավարական է. Արթուր Սաքունց
13:13, November 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններNopasaran.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
– Ինչո՞ւ է, ըստ ձեզ, պետք «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:
– Որովհետև սահմանդրական փոփոխություններ ասվածն առաջին հերթին չի ապահովել մասնակցային գործընթաց, քանի որ նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված չեն եղել առնվազն Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք պետք է իրենց նկատառումներն ու մոտեցումները ներկայացնելու հնարավորություն ունենային: Դա կնշանակեր, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցում կլիներ քաղաքական համաձայնություն, ինչը կարևորում է Վենետիկի հանձնաժողովը: Բայց այժմ, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության, քաղաքական կոնսենսուսի բացակայության պարագայում այդ փոփոխությունները պարտադրվում են:
Բացի այդ, սահմանադրական փոփոխությունների գործընթացքում ապահովված չէ նաև հասարակական ներգրավվածությունը: Մենք գիտենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակն ընդամենը օգոստոսի արձակուրդային ամսի ընթացքում է հրապարակվել, ընդամենը մեկ օր Ազգային ժողովում դրա վերաբերյալ հանրային լսումներ են եղել, և նախագծի փոփոխված ու վերջնական տարբերակին Ազգային ժողովում նախագծի քվերակության ժամանակ ծանոթ չեն եղել անգամ Ազգային ժողովի պատգամավորները:
Շատ կարևոր է արձանագրել նաև սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման հանձնաժողովում Սահմանադրական դատարանի նախագահի ներգրավվածությունը: Խնդիրն այն է, որ մասնագիտական հանձնաժողովի կազմի ընդունումն իրականացվել է հանրապետության նախագահի հրամանագրով, ինչն իշխանությունների տարանջատման սկզբունքի կոպիտ խախտում է, քանի որ չի կարող գործադիր իշխանության ղեկավարը որևէ հրաման տա, որը վերաբերվի Սահմանադրական դատարանի նախագահին, քանի որ դա սահմանադրական դատարանի անձեռնմխելիության կոպիտ խախտում է: Այսինքն՝ այս գործընթացն ամբողջությամբ հակաժողովրդավարական է:
– Ինչպե՞ս պայքարել այդ հակաժողովրդավարական գործընթացի դեմ:
– Խնդիրը հասարակությանը հասկանալի դարձնելն է, իրազեկելը այս գործընթացի վտանգավորության մասին, այն մասին, որ չի կարելի նման կերպ վարվել սահմանադրության հետ: Որովհետև հաշտվելն այն իրողության հետ, որ նման ոտնձգություններ կատարողներն ի պաշտոնե իրավասու են փոփոխություններ կատարել, անթույլատրելի է. այդ գաղափարը պետք է հասցնել քաղաքացիներին:
– Եթե տեսականորեն պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանին կհաջողվի կեղծիքներովանցկացնել այս փոփոխությունները, որո՞նք կլինեն հետևանքները:
– Ես չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխությունները կանցնեն, որովհետև բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բազմաթիվ մարդկանց հետ, և չեմ լսել, որ որևէ մեկը կողմ արտահայտվի այս գործընթացին: Եթե նույնիսկ նկարչությամբ, կեղծիքներով ու զոռբայությամբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մեզ պարտադրեն, դա հղի է լուրջ հետևանքներով, որի պատասխանատվությունը կրելու է Սերժ Սարգսյանն՝ իր վարչախմբով, ինչպես նաև այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են այս պարտադրանքին, մասնակցելու են կեղծիքներին և դրանք որպես օրինական արդյունք ներկայացնելուն: Առհասարակ այն իրավիճակը, երբ փոքրամասնությունն իր իշխանությունն արդեն սահմանադրական նորմերով է պարտադրում, չի կարող չառաջացնել մեծ ճգնաժամ: Եթե այդ ամենը լինի, ապա դա Հայաստանի համար կլինի ամենամեծ ճգնաժամը: Սահմանադրության նոր բովանդակությամբ մենք կունենանք ըստ էության մի կուսակցության մենաշնորհային դիրք, ու կապ չունի, թե որ կուսակցությունը կլինի այդ մեկ կուսակցությունը:
Աղբյուրը՝ nopasaran.am