Դադարեցնել բռնությունները և ապօրինի քրեական հետապնդումները
18:32, January 7, 2016 | Հայտարարություններ, Սեփական2015 թվականի դեկտեմբերի 6-ի՝ Սերժ Սարգսյանի կողմից պարտադրված Սահմանադրության հանրաքվեի քվեարկության արդյունքների ակնհայտ կեղծումներից հետո ուժգնացել են ՀՀԿ-ական իշխանության հանդեպ ընդդիմադիր և քննադատական դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ հետապնդումները, բռնությունները և սպառնալիքները:
«Նոր Հայաստան» ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի ձերբակալումը, ապօրինի քրեական գործի հարուցումը և ակհայտ անհիմն կալանավորումը, «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գևորգյանի նկատմամբ դարանակալած անձանց կողմից բռնությունը և ծեծը, շարունակական բռնությունները բողոքի ցույցերի ակտիվ մասնակից Վարդգես Գասպարիի նկատմամբ, «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանի նկատմամբ ապօրինի քրեական գործի հարուցումը, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի նկատմամբ սոցցանցերով իր և իր երեխաների հասցեին սպանության սպառնալիքների տարածումը հանդիսանում են ոչ միայն 2015 թվականին տեղի ունեցած բռնությունների շարունակությունը, այլև իրենց բնույթով և ոճով հանդիսանում են ազատ և քննադատական մտքի նկատմամբ նոր՝ ավելի դաժան, հետապնդման դրսևորումներ:
Սերժ Սարգսյանի վարչակազմը, սպառելով հանրային լայն շրջաններում վստահության որևէ պաշար, չունենալով հանրային գիտակցությունը խեղաթյուրելու նպատակով աճպարարության որևէ այլ հնարավորություն, յուրաքանչյուր ազատ և քննադատական կարծիք ունեցող անձի սկսել է թիրախավորել՝ փորձելով ձևավորել վախի մթնոլորտ և ուժով ենթարկեցնել հանրությանը:
Խստորեն դատապարտում ենք ՀՀԿ-ական իշխանության հակաիրավական և հակամարդկային գործելաոճը և պահանջում անհապաղ տեղափոխվել իրավական դաշտ՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն:
Պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումները Գևորգ Սաֆարյանի նկատմամբ, և նրան ազատ արձակել, բացահայտել և պատասխանատվության ենթարկել մյուս քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնություն կիրառած և սպառնալիքներ հնչեցրած անձանց:
Ներկայացված պահանջները չկատարելու դեպքում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետագա բռնությունների և ապօրինությունների ողջ պատասխանատվությունը կշարունակի կրել Սերժ Սարգսյանի վարչակազմը, իսկ նման իրավիճակի շարունակումը կհանգեցնի անկայունության, որի ողջ պատասխանատվությունը վերստին կկրի անձամբ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ական վարչակազմը: