Հայաստանի ՀԿ-ները բացառում են, որ ԲՀԿ-ի հետ կլինեն նույն հարթակում
16:05, January 7, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով է հրավիրել՝ ոչ իշխանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ «թեժ աշնանը» տեղի ունեցած երկու բազմամարդ հանրահավաքից հետո եռյակի մաս կազմող ուժերի մոտ մարտավարական որոշակի տարաձայնություններ եղան։ Եթե ՀԱԿ-ն ուզում էր «տաք պահել» Ազատության հրապարակը, ապա ԲՀԿ-ն լծվեց համաժողովրդական շարժման գրասենյակներ բացելու գործին:
Ծառուկյանի՝ համաժողով անցկացնելու նախաձեռնությունը, նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով, ոչ թե «Բարգավաճ Հայաստանի», այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունն է: Խորհրդաժողովին հրավեր ստանալու դեպքում արդեն իսկ մասնակցելու հայտարարություն են արել եռյակին աջակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է ակտիվ հասարակական կազմակերպություններին, ապա մինչ այժմ որևէ հայտարարություն չի եղել:
«Առաջին լրատվական»-ը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքվեց, թե իր գլխավորած հասարակական կազմակերպությունը համաժողովին մասնակցելու հրավեր ստացե՞լ է: «Չեն հրավիրել, և, բնականաբար, չեմ էլ սպասում հրավերի»,-ընդգծեց նա:
Արթուր Սաքունցը հավելեց, որ անձամբ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն անմիջականորեն մասնակից են եղել 2008 թվականի ընտրություններին հաջորդած բռնություններին և դրա համար պատասխանատվություն պետք է կրեն: «Ընդհանրապես, իրենց մոտեցումները՝ հատկապես Եվրասիական տնտեսական միությանը կողմ քվեարկելը, նաև մյուս ուժերի կողմից վավերացումը ապացուցում են, որ մենք իրենց հետ անելիք չունենք: Ընտրական կեղծարարությունը և ընտրախախտումները և բազմաթիվ այլ դրույթներ բացառում են, որ մենք նրանց հետ լինենք նույն հարթակում»,-եզրափակեց նա:
«Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համաժողովին մասնակցելու հրավեր իրենք էլ չեն ստացել. «Պետք է նայենք՝ բովանդակությունն ինչ է, ինչքանո՞վ է մեզ վերաբերում, ինչո՞վ կարող ենք օգուտ տալ: Այդ լուրը լսել եմ մոտավորապես տասն օր առաջ, բայց հրավեր դեռ չենք ստացել. կհրավրեն՝ կմտածենք»:
Լևոն Բարսեղյանը հավելեց, որ ցանկացած գաղափարի դեպքում, որը կարող է օգնել Հայաստանում բարեփոխումներ անելու հարցում, իրենք պատրաստ են օգտակար լինել. «Բայց տեսնենք՝ ինչ են ուղարկում, ինչ ժողով է, օրակարգն ու բովանդակությունն ինչ է, որ ըստ այդմ կողմնորոշվենք»:
Աղբյուրը՝ www.1in.am