ՄԻԵԴ-ը չի սպասել, մինչեւ Հայաստանը դատավոր նշանակի
11:04, April 7, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացրած հերթական վճիռները ցույց են տալիս հայաստանյան դատավորների անկախության բացակայությունն ու գործադիր իշխանությունից մեծ կախվածությունը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՄԻԵԴ կողմից օրերս ընդդեմ ՀՀ-ի կայացրած երեք վճիռներին, որոնցով պետական բյուջեից ընդհանուր առմամբ մոտ 70 հազար եվրո պետք է փոխհատուցվի:
«ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հայաստանյան դատարաններն ապահովել են գործադիր իշխանության կամ իրավապահ մարմնի շահերի պաշտպանությունը, ոչ թե արդարադատություն են իրականացրել: Այսինքն՝ դատական իշխանության և դատավորների անկախության բացակայության մասին է խոսքը: Հիմա դրա համար պետք է վճարենք մենք»,- ասաց նա:Ըստ Սաքունցի՝ ՄԻԵԴ կայացրած վճիռների շրջանակներում քննարկվում է այն հարցը, որ ընդդեմ ՀՀ կայացրած վճիռներով ոչ թե պետությունը պետք է փոխհատուցի, այլ սխալ որոշում կայացրած դատավորը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն, օրերս անդրադառնալով անարդար վճիռներ կայացնող դատավորներին ֆինանսապես պատժելու հարցին, հայտարարել էր, որ փաստը մտահոգիչ է, սակայն «այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող լինել վայրենի»:Նա նշել էր, որ որևէ երկրում պրակտիկա չկա, որ դատավորից գումարներ գանձեն Եվրադատարանում պարտվելու համար:
«Մենք չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որոնք քաղաքակիրթ երկրներում չեն կատարվում, մենք չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին, որի արդյունքում մենք կունենանք դատավորներ, ովքեր չեն ուզենա գալ ու աշխատել այդ համակարգում»,- ասել էր նախարարը:
Արթուր Սաքունցի խոսքով՝ այստեղ խոսքը դատավորի ունեզրկման մասին չէ, այլ պատասխանատվության հասցեագրման: «Եթե գործը քննվում է այն տեսակետից՝ խախտում եղել է, թե ոչ, ապա վճիռը կայացվում է՝ գնահատելով խախտողի գործողությունը: Այսինքն՝ անմիջապես հայտնի է լինում այն պաշտոնատար անձը, որի անգործության կամ գործունեության արդյունքում տեղի է ունեցել իրավունքի խախտում: ՀՀ-ն ՄԻԵԴ-ում ճանաչվում է որպես քաղաքացու անձը խախտած սուբյեկտ, բայց ովքե՞ր են եղել այն անձինք, ովքեր ՀՀ անունից հանդես գալով դատական ատյաններում՝ խախտել են անձի իրավունքը, որի վերաբերյալ կա համապատասխան եզրակացություն Ստրասբուրգի դատարանում: Այս անհատականացումը շատ կարևոր խնդիր է»,- նշեց նա:
Միաժամանակ, իրավապաշտպանի խոսքով, բարդ է այս հարցին լուծում տալ, քանի որ հարց է առաջանում՝ դատական ո՞ր ատյանին պատասխանատու ճանաչել՝ երեք ատյաններին միաժամանա՞կ, թե միայն Վճռաբեկ դատարանին:Իրավապաշտպանը հիշեցնում է, որ Հայաստանի քաղաքացիներն են վճարում պետության կողմից թույլ տրված խախտման համար: «Առաջ է գալիս այն հարցը, թե որքանո՞վ է ՀՀ քաղաքացին հետամուտ իր երկրում արդարադատության իրականացման կամ դատական իշխանության անկախության ապահովման տեսակետից: Քաղաքացին ունի իրավունքներ՝ պահանջելու և հետամուտ լինելու այդ գործընթացներին, ինչքանո՞վ ենք մենք հետամուտ, որ մեր երկրում իրավիճակը համապատասխանի մեր Սահմանադրության դրույթներին: Ստացվում է, որ նաև անգործության հետևանքով ենք ստիպված վճարել»,- ասաց նա:
Արթուր Սաքունցը ուշագրավ է համարում այն, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու պայմաններում թվում էր, թե Հայաստանի վերաբերյալ դիմումների քննությունը պետք է ուշանար: «Սակայն ՄԻԵԴ-ը հատուկ դատավոր է նշանակել եվրոպական երկրներից՝ ցույց տալու համար, որ Հայաստանի վերաբերյալ վճիռները չեն ուշանալու նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանը ժամանակին պատշաճ չի ներկայացնում իր թեկնածուին: Սա շատ կարևոր հանգամանք է, որպեսզի արձանագրենք՝ առաջին հերթին ի գիտություն ՀՀ իշխանությունների»,- ընգծեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ www.lragir.am