«ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի» գործով նշանակվեց դատաքննություն
11:11, April 7, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն2016 թ. ապրիլի 6-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Բաղդասարյանի, կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով նախնական դատական նիստը:
Դատական նիստին ներկա էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացուցիչ, Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Գործով պատասխանող ՀՀ Հատուկ քննաչական ծառայության ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին, չնայած պատշաճ ծանուցվել էր դատական նիստի օրվա և ժամի մասին: Տ. Սիրադեղյանը գտավ, որ դատական նիստը կարելի է շարունակել պատասխանողի բացակայությամբ, քանի որ կողմը պատշաճ ծանուցվել է նշանակված նախնական դատական նիստի օրվա և ժամի մասին:
Նախագահող դատավոր Կ. Բաղդասարյանը որոշեց նախնական դատական նիստը շարունակել պատասխանող ՀՀ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցչի բացակայությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը ներկայացրեց հայցի հիմքերը և առարկան: Մասնավորապես, Տ. Սիրադեղյանը նշեց, որ Կազմակերպությունը դատարան ներկայացված հայցով պահանջում է պարտավորեցնել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը տրամադրել Կազմակերպության տեղեկատվության հարցմամբ պահանջված տեղեկատվությունը: Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է տեղեկատվություն տրամադրել ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի, 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու 341-րդ հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործերի վերաբերյալ, սակայն ՀՀ Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ Ա. Մնացականյանը պատասխան գրությամբ հայտնել է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը բացառապես տեղեկատվական բնույթի հաշվետվություններ է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությանը, ինչպես նաև ընթացիկ տեղեկություններ՝ ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, ուստի՝ առաջարկվել է պահանջված տեղեկատվությունը ստանալ տեղեկատվություն տնօրինողից: Տ. Սիրադեղյանը վկայակոչեց կիրառման ենթակա իրավական ակտերի համապատասխան դրույթները՝ նշելով, որ պատասխանողի գործողությունների արդյունքում խախտվել է Կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքը: Միաժամանակ, Տ. Սիրադեղյանը նշեց, որ պատասխանողի հայցադիմումի պատասխանում ներկայացված առարկությունների շրջանակներում կիրառման ենթակա են նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 9-րդ և 12-րդ հոդվածների դրույթները:
Նախագահող դատավորը նշեց, որ պատասխանողն իր հայցադիմումի պատասխանում հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ վերլուծություններ կատարելու պարտականություն օրենքով սահմանված չէ, և հարցրեց հայցվորից, թե ինչ բնույթի տեղեկատվություն է պահանջվել պատասխանողից՝ քանակական, թե վերլուծական:
Հայցվորի ներկայացուցիչն ի պատասխան նշեց, որ Կազմակերպությունը պահանջել է քանակական տեղեկություններ հայտնել քննվող կոնկրետ քրեական գործերի ընթացքի, կայացված որոշումների, դրանց բողոքարկումների մասին:
Դատարանը որոշեց նաև ապացուցման բեռի հարցը և գործը համարելով դատաքննությանը նախապատրաստված՝ այն նշանակեց դատաքննության:
Սույն գործով դատաքննությունը տեղի կունենա 2016 թ. մայիսի 24-ին՝ ժամը 11:30-ին:
Տես նաև՝ hcav.am