«Թքելը կարող է այդ պահին կանգնեցնել բռնություն իրականացնող ոստիկանին». Սուսաննա Սիմոնյան
15:18, April 7, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱպրիլի 6-ին ՀՀ Վարչական դատարանում հրապարակվեց Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ ոստիկանության հայցի քննության դատական ակտը: Դատարանը որոշեց Սուսաննա Սիմոնյանին ենթարկել վարչական պատասխանատվության 30.000 ՀՀ դրամի չափով տուգանքի ձևով: Դատարանը Սիմոնյանի կողմից հրապարակայնորեն ոստիկանության ծառայողի վրա թքելու գործողությունը համարել է վիրավորանք: Aravot.am-ի հետ զրույցում նշյալ որոշման առնչությամբ Սուսաննա Սիմոնյանն ասաց. «Դատարանն ինձ թքելու գործողության համար 30.000 դրամի չափով տուգանք է նշանակել: Հիմա վերլուծենք այս հակասությունը: Իհարկե, եթե մինչև իմ թքելու գործողությունը ինձ մարմնական վնասվածք չպատճառվեր և ապօրինի ձևով, այսինքն՝ առանց իմ իրավունքները և պարտականությունները ինձ բացատրելու և առանց ձերբակալության հիմքերը ներկայացնելու՝ իմ նկատմամբ բռնի ուժ չկիրառվեր և ես չձերբակալվեի, ապա, բնականաբար, ես չէի հայտնվի շոկային իրավիճակում և չէի թքի ոստիկանի վրա»:
Ինչպես նշեց տիկին Սիմոնյանը, իր գործողությունն անմիջական հետևանք է իր նկատմամբ իրականացված բռնության. «Այստեղ է հակասությունը: Այսինքն, եթե դատարանը ընդունում է, որ իմ նկատմամբ ապօրինի գործողություն է կատարվել, ապա ինչպես՞ է ինձ նշանակում տուգանք: Ըստ ՀՀ դատարանի, ստացվում է, որ, եթե ես տանը քնած լինեմ և ապօրինի մտնեն իմ տուն, ինձ սկսեն բռնության ենթարկել, ես պետք է լռեմ և ենթարկվեմ, որպեսզի տուգանքի չարժանանա՞մ: Այ հենց սա է մեր արդարադատության խիստ վիճարկելի արդարությունը: Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչի հետ է կապված այս որոշումը: Ռեժիմը 1 վախ ունի: Այդ վախը կապված է քաղաքացիների նկատմամբ ոչ համարժեք բռնություն կիրառելու ժամանակ նույն այդ քաղաքացիներից համարժեք պատասխան ստանալու հետ: Քաղաքացու կողմից ըմբոստությունն ու բռնությանը բռնությամբ պատասխանելու իրավունքը որևէ դատարան չի կարող վերցնել: Սակայն ռեժիմը վախենում է իմ նախադեպից այնքանով, որ ինձ լիարժեք կերպով արդարացնելու դեպքում այն կարող է նախադեպ դառնալ, և քաղաքացիները կարող են այսուհետ անխնա թքել ոչ իրավաչափ բռնություն իրականացնող ոստիկանների վրա: Այս պատճառով է, որ դատարանը ինձ տուգանք է նշանակել, սակայն նաև ընդունել է, որ ոստիկանները ոչ իրավաչափ գործողություն են իրականացրել իմ նկատմամբ»:
Մեր զրուցակիցը նկատեց, որ դատարանն իրեն պատասխանատվության է ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով, որով ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը վարչական իրավախախտում է համարվում. «Բայց այս հոդվածը չի պարզաբանում, թե ինչպիսի դեպքերում է, որ անձի վարքագիծը համարվում է վիրավորանք: Այն չի նախատեսում, թե վիրավորելն ինչ է իրենից ներկայացնում և չի նշում թքելը որպես վիրավորանք, որպեսզի ես, տեղյակ լինելով, չկատարեի այդ գործողությունը: Նշեմ, որ այս առումով այս գործողությունը նորամուծություն է քաղաքացու կողմից, և այսուհետ ցանկացած ոստիկան պետք է իմանա, որ քաղաքացու նկատմամբ օրենքի խախտումը կարող է հանգեցնել նման գործողության: Եթե դու զենք չունես, և մանավանդ ֆիզիկական բավարար ուժի չտիրապետող կին ես, ապա թքելը քո զենքն է, որը կարող է այդ պահին կանգնեցնել ոչ իրավաչափ գործողություն և բռնություն իրականացնող ոստիկանին: Հակառակ դեպքում, ոստիկանի բռնությունից դու կարող է զրկվես կյանքից: Ոստիկաններին խորհուրդ կտամ այսուհետ զգույշ լինել և չկատարել իմ նկատմամբ վերադասից եկող ապօրինի հրահանգներ»:
Երեկ դատարանը մասնակի բավարարեց նաև Ս. Սիմոնյանի և վերջինիս ներկայացուցչի հակընդդեմ հայցը՝ ոչ իրավաչափ ճանաչելով ոստիկանության կողմից ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները, իսկ ՀՀ ոստիկանության՝ ձերբակալելու, ձերբակալման ժամանակ չներկայանալու, վիրավորելու և առանց նրա համաձայնության տեսանկարահանելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասով մերժեց: Այս առնչությամբ էլ տիկին Սիմոնյանը նշեց. «Նախ ասեմ, որ եթե հաշվի առնենք, որ ավտորիտար Հայաստանում մշտապես բազմաթիվ աղմկահարույց և անարդար որոշումներ են կայացվում դատարանների կողմից, ապա, իհարկե, դատարանի այս որոշումը բավարարում է ինձ այս փուլում, սակայն դա չի նշանակում, որ ես հաշտվում եմ այդ որոշման հետ և չեմ բողոքարկելու և չեմ իրականացնելու ինձ տրված բոլոր ատյաններով անցնելու իրավունքը:
Արդարադատություն ունեցող Հայաստանում իմ հայցը պետք է ոչ թե մասնակի բավարարվեր, այլ ամբողջությամբ, քանի որ առկա էին ոստիկանության կողմից ոչ իրավաչափ գործողություններ, որի ազդեցության տակ և հետևանքով ես հայտնվել էի շոկային իրավիճակում, և դրանով պայմանավորված էի կատարել թքելու գործողությունը:
Իմ կողմից ոստիկանի վրա թքելը ոչ այլ ինչ էր, քան ինքնապաշտպանություն, որին ինձ դրդել էր ոստիկանը՝ իր անօրինականությամբ: Խոշտանգման դեպքում մարդը ունի ինքնապաշտպանության սրբազան իրավունք: Ես գնահատում եմ դատավոր Կ. Զարիկյանի նախագահությամբ դատարանի այս որոշումը այնքանով, որ մերօրյա Հայաստանում հերոսություն է դատավորի կողմից թեկուզ մասնակի արդար որոշում կայացնելը…Չնայած ես պատրաստ եմ վճարել այդ տուգանքը, սակայն միայն և միայն ոստիկանի պատժին հասնելուց հետո: Հակառակ դեպքում, այս հարցը համարում եմ հակասական և անօրինական»:
Սուսաննա Սիմոնյանը նաեւ մանրամասնեց, թե իր բնորոշմամբ՝ ինչպիսի նյութական եւ ֆիզիկական վնասներ է կրել ոստիկանների գործողությունների հետեւանքով. «Կրել եմ բարոյական վնաս, որն արտահայտվել է իմ անունն ու բարի համբավը արատավորող գործողություններով, ֆիզիկական վնաս, որն արտահայտվել է ամիսներ շարունակ առողջական խնդիրներով: Ես նույնիսկ հիմա, 10 ամիս անց մշտապես զգում եմ վնասվածքի տեղը և երբեմն էլ դեռ ցավեր ունեմ, և իհարկե՝ կրել եմ նյութական վնաս, ամիսներ շարունակ և հոսպիտալացվելով, և ստուգումներ անցնելուվ, և բուժում ստանալով: Էլ չեմ խոսում այս ամենի արդյունքում իմ հոգեկան աշխարհին պատճառված սթրեսային իրավիճակի մասին»: