Վերաքննիչ դատարանը ցուցարար Արմեն Միքայելյանի բողոքն ամբողջությամբ բավարարեց, իսկ Գայանե Առուստամյանի բողոքը՝ մասնակի
13:41, May 7, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. ապրիլի 18-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը հրապարակեց լրագրող Գայանե Առուստամյանի գործով, իսկ մայիսի 5-ին՝ ցուցարար Արմեն Միքայելյանի գործով վճիռները:
Գայանե Առուստամյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. մարտի 14-ի որոշման դեմ, որով Վարչական դատարանը Գ. Առուստամյանին ՀՀ Ոստիկանության հայցի հիման վրա տուգանել էր 30.000 ՀՀ դրամով՝ ոստիկանության ծառայողին վիրավորելու համար: Իսկ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հակընդդեմ հայցը վարչական դատարանը մերժել էր:
Վերաքննիչ վարչական դատարանը վճիռը բեկանել է միայն Գայանե Առուստամյանին, առանց նրա համաձայնության, տեսանկարահանելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Գ. Առուստամյանին տեսանկարահանելու մասին ապացույց գործում առկա չէ, իսկ Վարչական դատարանը հնարավորություն ունեցել է այն ձեռք բերելու և դրա ուսումնասիրությունից հետո այդ մասով որոշում կայացնելու:
Իսկ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված ցույցի մասնակից Արմեն Միքայելյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է ամբողջությամբ:
Վերաքննիչ դատարանը բեկանել է ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. փետրվարի 17-ի վճիռը, որով Արմեն Միքայելյանը ոստիկանության հայցի հիման վրա տուգանվել էր 100.000 ՀՀ դրամով՝ հավաքներ անցկացնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելու համար: