«Մեր հանդեպ խոշտանգումներ կիրառած քննիչ Արմեն Հակոբյանը զբաղեցնում է Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը»
13:54, June 7, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ասպարեզը» ՀՀ արդարադատության ոլորտի եւ Մատաղիսի գործի վերաբերյալ զրուցել է այդ գործով նախկին ամբաստանյալ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի հետ:
Ա.Զալյանի խոսքով, եթե մենք անդրադառնանք մինչ օրս ունեցած դատարանների պրակտիկային, կոնկրետ դեպքերի վերաբերյալ օրինակներ բերենք, կարող ենք նշել Մատաղիսի, Հայկ Մովսիսյանի գործերը: Նմանատիպ գործերը շատ են, եւ դրանք տեսնելով, արդարադատության մասին խոսելն անիմաստ է դառնում: «Ունենք այնպիսի դատական համակարգ, որը չի բերում մեղավորների բացահայտմանը եւ պատժմանը: Մեր պրակտիկայում տեսնում ենք խոշտանգումների դեպքեր, երբ այս ոլորտում աշխատող անձինք մարդկանց խոշտանգումների ենթարկելու համար ոչ թե պատասխանատվության են ենթարկվում, այլ խրախուսվում են ՀՀ իշխանությունների կողմից եւ նրանց պաշտոնները բարձրացվում են»,-ասաց Ա.Զալյանը:
Ինչ վերաբերվում է Մատաղիսի գործին, Ա.Զալյանը նշեց, որ այն այժմ նորից քննչական վարույթում է գտնվում, կատարվում է քննություն, որի վերաբերյալ ինքը տեղեկություններ չունի: «Ես այժմ տվյալ գործով դատավարության անձ չեմ հանդիսանում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ գործի հետ կապված, հարցում էր ուղարկել նախաքննական մարմնին, ինչին վերջինս պատասխանել էր, թե կատարվում է նախաքննություն, հարցաքննվում են անձինք, սակայն կոնկրետ ում դեմ է մեղադրանք առաջադրվել կամ չի առաջադրվել, եթե չեմ սխալվում, նման հարցերի չէին պատասխանել: Մեր ունեցած տվյալներով, դեռեւս ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Մատաղիսի գործով կուզենամ նշել խոշտանգումների մասին: Մեր հանդեպ խոշտանգումներ կիրառած քննիչը` Արմեն Հակոբյանը, ով քննչական խմբի ղեկավարն էր, քրեական գործով անցնող արդար անձանց դեմ անօրինական նյութեր նախապատրաստելու ու խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելու արդյունքում մեղադրանքը դատարան հասցնելու համար ոչ թե ենթարկվել է պատասխանատվության, այլ ՀՀ իշխանությունների կողմից, չգիտեմ թե ինչի համար, խրախուսվեց եւ ներկայումս զբաղեցնում է Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը: Սրանով մենք արձանագրում ենք, որ իշխանությունը հանցագործ քննիչներին խրախուսում է եւ բարձրացնում նրանց պաշտոնները»:
Զրուցակցիս ակնարկեցի` այդ դեպքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության ինչպիսի՞ բարեփոխումների մասին է խոսում: «Իմ տեսանկյունից՝ կատարելագործվելը կլինի այն, եթե ոստիկանության աշխատակիցը հանցագործ չլինի: Մենք ունենք նաեւ Գագիկ Ջահանգիրյան, ով կոնկրետ մեր գործով անպատիժ է մնացել: Կան նաեւ անպատիժ մնացած դատավորներ, դատախազներ: Մենք եւս մեկ անգամ պնդում ենք, որ կյանքի իրավունքի վերաբերյալ հանցագործությունների դեպքում նախաքննությունը եւ դատաքննությունը չեն հանգեցնում հանցագործությունները կատարած անձանց բացահայտմանը եւ պատժմանը»,-եզրափակեց Ա.Զալյանը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2003 թվականի դեկտեմբերի 24-ին, Մատաղիսի զորամասում կատարված երկու զինվորների՝ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվել էին Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը եւ Մուսա Սերոբյանը: 2004 թվականի ապրիլից մեղադրվողները գտնվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նրանց 15 տարվա ազատազրկման էր դատապարտել, իսկ Վերաքննիչ դատարանը՝ ցմահ: Սակայն Վճռաբեկ դատարանը նրանց արդարացրել էր ու դահլիճից երիտասարդներին ազատ էր արձակել: Այժմ գործը գտնվում է լրացուցիչ քննության փուլում:
Աղբյուրը՝ www.asparez.am