Գ. Կոստանյանի հայտարարությունները վնասում են Վ. Գասպարյանի ստեղծած իդեալական ոստիկանի «բարոյական» նկարագրին
10:05, July 7, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է աղմկահարույց փաստեր ներկայացնել ԶԼՄ-ներին ու հանրությանը՝ առաջիկա ասուլիսի ժամանակ: Իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչները առայժմ չեն մանրամասնում իրենց ասելիքը, բայց կռահելի է, որ խոսքը վերաբերում է ոստիկանության աշխատաոճին:
«Ոստիկանության վարքագծի տեսակետից մենք տեսնում ենք, որ այն էական փոփոխություններ չի կրել, քանի որ քաղաքական զգայուն խնդիրների վերաբերյալ բողոքի ակցիաների կամ ցույցերի նկատմամբ ոստիկանությունը շարունակում է օգտագործվել որպես պարտադրանքի եւ բռնության գործիք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Պարոն Սաքունցի կարծիքով պաշտոնական հավաստիացումները ոստիկանության բարեփոխման մասին ուղղակի այդ ակցիաների ժամանակ հօդս են ցնդում:
«Եվ մենք ունենք բավականին լուրջ խնդիր: Խնդիրն այն է, որ իշխանությունը բարեփոխումները մշտապես իրականացնում է խիստ ձեւական բնույթով: Սա պետք է հստակ արձանագրենք, իսկ թե ինչու, ինչ անել, որ ձեւականից տեղափոխվի ավելի բովանդակայինի, պետք է ուղղակի իշխանության որակը փոխվի: Պետք է լինի ինքը ավելի պատասխանատու, ավելի հաշվետու իր ընտրողների առջեւ: Ցանկացած այլ պարագայում թեկուզ կարճաժամկետ ինչ-ինչ էֆեկտները կամ արդյունքները երաշխիք չեն, որ կկարողանա վերածվել համակարգային երեւույթի»:
Պարոն Սաքունցը նկատեց, որ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը հիմա ավելի քիչ է խոսում ոստիկանության ոլորտում իրականացվող կամ իրականացվելիք բարեփոխումներից: Ու դա իր բացատրությունն ունի, դրանցից մեկն էլ այն է, որ Վ. Գասպարյանը փորձում էր ստեղծել իդեալական ոստիկանի միֆը, սակայն ՀՀ դատախազը իր վերջին հայտարարություններով ուղղակի հերքեց նրան: Վ. Գասպարյանը հայտարարում էր, որ ծեծող ոստիկանը մսագործ է, իսկ Գ. Կոստանյանը լեգիտիմացրեց ոստիկանի կողմից ֆիզիկական բռնությունները:
«Վ. Գասպարյանը խոսում էր անցած տարի, երբ որ ինքը նշանակվել էր, իսկ սեպտեմբերի 3-ից հետո, երբ բոլորովին այլ իրավիճակում ենք գտնվում, իր նախորդ ասելիքները ուղղակի մնացին որպես զուտ խոսքեր: Եվ շատ լուրջ ուշադրության են արժանի նաեւ գլխավոր դատախազի հարցազրույցների ժամանակ արտահայտած մտքերը:
Գլխավոր դատախազը հրապարակավ հայտնեց, որ կալանքը որպես խափանման միջոց ՀՀ-ում կիրառվում է որպես անձի անվտանգության ապահովման գործիքներից մեկը:
Եվ հաջորդը, որ ոստիկանությունը իրավունք ունի ուժ կիրառելու: Ու դա հայտարարեց դատախազը: Այսինքն գլխավոր դատախազը ոչ թե խոսում է օրինականության եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից, այլ ինքը ելնում է ուժի կիրառման իրավունքի կոնցեպտի տեսակետից: Սա ուղղակի լեգիտիմացնում է բռնությունները: Սա լուրջ մարտահրավեր է: Այստեղ արդեն ոստիկանապետի գնահատականները կամ ցանկությունները դրանք արդեն դադարում են էական նշանակություն ունենալուց, որովհետեւ վերահսկողություն իրականացնող պետական մարմինը նման ձեւով է առաջնորդվում: Նա առաջնորդվում է ոչ թե օրինականության ապահովման տեսակետից, այլ ելնում է պետական մարմնի կողմից ուժի կիրառման բացարձականացման տեսակետից, որը ըստ էության խրախուսում է հետագա բռնությունները»,- ասաց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ galatv.am