Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների գործով ուսումնասիրվեցին տեսանյութերը
18:28, July 7, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2014թ. հուլիսի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց 2013 թ. նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը: Դատական նիստը սկսվեց գրեթե մեկուկես ժամ ուշացումով: Նախագահող դատավոր Մ. Մնացականյանը հայտարարեց, որ դատական նիստը ուշ է սկսվել գործով ներգրավված փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ուշացման պատճառով:
Սույն դատական նիստի ընթացքում սկսվեց մեղադրանքի հիմքում դրված տեսաերիզների ուսումնասիրությունը, որի նպատակով դատական դեպարտամենտը դատարանին ապահովել էր համապատասխան տեխնիկական միջոցներով:
Գործով մեղադրող Գ. Գևորգյանն առաջարկեց նախ դիտել ընդհանուր դեպքը պատկերող տեսաերիզները, այնուհետև դիտել յուրաքանչյուր ամբաստանյալին առանձին դրվագով մեղսագրվող արարքի համապատասխան տեսաերիզները:
Նախագահող դատավորը հայտարարեց, որ ուսումնասիրվող տեսաերիզները սահմանված կարգով փաթեթավորված և կնիքված են:
Ընդհանուր դեպքի պատկերը ներկայացնող մոտ 50 րոպե տևողությամբ թիվ 1 տեսաերիզը դիտվեց ամբողջությամբ, իսկ մյուս երկու տեսաերիզները դիտվեցին մասամբ, քանի որ դրանք նախորդ տեսաերիզի կրկնությունն էին՝ այլ դիրքից նկարահանված: Գործով ներգրավված պաշտպանները անհրաժեշտ համարեցին նշված երկու տեսաերիզներից դիտել միայն երթի հատվածները:
Ընդհանուր տեսաերիզները դիտելուց հետո ուսումնասիրվեցին նաև 2013 թ. նոյեմբերի 5-ի երթին յուրաքանչյուր ամբաստանյալի մասնակցության վերաբերյալ գործի նյութերում առկա տեսաերիզները, դրանցից կտրված լուսանկարները: Այնուհետև ուսումնասիրվեցին յուրաքանչյուր ամբաստանյալին մեղսագրվող արարքների դրվագներն առանձին-առանձին: Ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի փաստաբան Ռուզաննա Հովհաննիսյանը խնդրեց իր պաշտպանյալի դրվագի մասով տեսաերիզը ցուցադրել դանդաղեցված տարբերակով: Փաստաբանի պահանջը կատարվեց:
Տեսաերիզները դիտելուց հետո մեղադրանքի կողմը հրապարակեց տեսասկավառակաների զննության արձանագրությունները, սակայն գործով ներգրավված փաստաբանները խնդրեցին հրապարակված համարել արձանագրությունները:
Դատարանն առաջարկեց պաշտպանական կողմին հայտարարությամբ հանդես գալ տեսաերիզների վերաբերյալ: Սակայն այս դատական նիստին հայտարարությամբ հանդես եկավ միայն Շանթ Հարությունյանը:
Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ երթի ընթացքում իր խոսքերը հայհոյանք չեն եղել, դրանք եղել են այդ կերպարների բնութագրումը: Ամբաստանյալը հայտարարեց, որ այդ ընթացքում գտնվել է ծանր հոգեվիճակում, քանի որ իրեն բազմաթիվ մարդիկ են մոտեցել և ասել, որ իրեն «խփելու են» կամ սանդրանք է լինելու: Շանթ Հարությունյանը հայտնեց, որ իր համար դժվար է որոշում կայացնելու պարտականություն կրելը, դա ծանր բեռ է, երբ ինքը գիտի, որ տղաները երեխաներ ունեն, միակ արդարացումը կարող է լինել այն դեպքում, երբ իր որդին նույնպես իր կողքին լինի: Շանթ Հարությունյանը, նկատի ունենալով գործով մյուս ամբաստանյալներին, նշեց, որ նրանց նման տղաներ Հայաստանում քիչ են եղել, դրա համար էլ երկրի վիճակը վատ է: Դատարանի դահլիճում Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել բոլորի կատարած արարքների համար, միաժամանակ նշեց, որ եթե տղաները չպաշտպանեին իրեն, դա սխալ կլիներ, քանի որ նրանք նժդեհական գաղափախոսությամբ են առաջնորդվում: Իր խոսքում Շանթ Հարությունյանը կարևորեց արժանապատվության զգացման ընկալումը յուրաքանչյուր անհատի մոտ: Շանթ Հարությունյանը նշեց, որ տղաները կատարել են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը, սակայն ինքը մեդալ չունի, որ տա նրանց, միաժամանակ նշեց, որ նրանք երբեք Սերժ Սարգսյանից մեդալ չեն վերցնի:
Սույն գործով դատական նիստը հետագվեց և նշանակվեց 2014 թ. հուլիսի 9-ին, ժամը 12:00-ին, որի ընթացքում կշարունակվեն տեսաերիզների վերաբերյալ հայտարարությունները, անհրաժեշտության դեպքում դրանք կրկին կուսումնասիրվեն, այնուհետև կհետազոտվեն գործում առկա իրեղեն ապացույցները: