Լրագրողների նկատմամբ բռնություններին պետք է հատուկ ուշադրություն դարձվի. Իրավապաշտպաններ
10:55, July 7, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԼրագրողների նկատմամբ բռնություններին, ըստ իրավապաշտպանների, պետք է հատուկ ուշադրություն դարձվի:
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադարձան հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույցի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին:
Հիշեցնենք, որ շուրջ 15 օր քաղաքացիական հասարակությունը նստացույց իրականացրեց Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով իշխանություններից չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով թանկացնելու որոշումը:
Հունիսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող և նստացույց իրականացնող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանությունը կիրառել էր բռնի ուժ և ջրցան մեքենաներով ազատել Բաղրամյան պողոտան: Ոստիկանները բերման էին ենթարկել շուրջ 237 ակտիվիստի, նրանից շատերը ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մի քանի տասնյակ ցուցարարների տեղափոխել էին բուժհաստատություններ, մի քանիսն անգամ հայտնվել են վերակենդանացման բաժանմունքներում:
Բռնություններից անմասն չէին մնացել նաև դեպքի վայրում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներն ու օպերատորները: Լրագրողներից մի քանիսին բերման էին ենթարկել, վնասել էին նույնիսկ մի քանիսի տեսախցիկները:
Նշենք, նաև, որ հուլսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 23-ին բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:
«Մենք պետք է պահանջենք, որպեսզի մանրակրկիտ քննություն կատարվի այս փաստի առթիվ»,-ասում է Բաղդասարյանը:
Արթուր Սաքունցը նշում է, որ պետք է քրեական գործ հարուցվի ոչ միայն լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հիմքով, այլև խաղաղ ցուցարարների նկատմամբ «լայնածավալ բռնությունների կիրառման հիմքով»:
Բարսեղյանը նշում է, որ լրագրողները չեն եղել ցույցի մասնակից, և ըստ Քրեական օրենսգրքի, հանցագործություն է համարվում միայն այն, որ խոչընդոտվել է լրագրողի օրինական գործունեությունը:
«Եվ այդ փաստի առկայությունը հաստատվում է մեր կողմից ներկայացված գրավոր ապացույցներով, վիդոնկարահանումներով, ձայնագրություններով և այդտեղ երևում է, որ ոստիկանները կատարում են գործողությունները, որոնք բնույթով համընկնում են Քրեական օրենսգքրի 164 հոդվածի երկրորդ մասին»,-ասում է Բաղդասարյանը:
Նա նշում է, որ բացի Քրեական օրսնգրքի 164-րդ հոդվածից, առկա են այլ հանցակազմեր:
«Մասնավորապես խոսքը գնում է ապօրինի մարդկանց ազատությունից զրկելուն, որովհետև Գալա հեռուստաընկերության լրագրող Փայլակ ֆահրադյանի՝ ինձ ներկայացրած դիմումում նշվում է, որ իրեն 40 րոպե պահել են ոստիկանական բաժնում՝ առանց որևէ իրավական հիմքի: Եվ կա նաև հանցակազմ պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ»,-ասում է Բաղդասարյանը:
Սաքունցը ընդգծում է, որ լրագրողների նկատմամբ բռնություններին պետք է առանձին ուշադրություն դաձվի, որովհետև նրանց առաքելությունը շատ կարևոր է:
«Այստեղ ոչ միայն տեղի է ունեցել մասնագիտական գործունեության խոչընդտում, այլև լրագրողի արտադրանքն է ոչնչացվել: Ոստիկանների կողմից հանցագործության հետքերն են ոչնչացվել, որովհետև լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում արձանագրել են խախտումներ և ոստիկանների կողմից տեխնիկայի ու չիպերի ոչնչացումը այդ նպատակն է ունեցել, իրենց ոչ իրավաչափ գործողությունները քաղաքացիների նկատմամբ կոծկելու»,-ասում է Սաքունցը:
Ասուլիսի վերջում բանախոսները նշեցին, որ արդյունավետ պայքար կլինի, եթե լրագրողներն ու իրավաբանները միավորվեն ու նախաձեռնություն ստեղծեն այս գործընթացը համակարգելու և հետևողական աշխատանք տանելու համար:
«Երբ չկա հակակշիռ, միշտ հայտնվում են մարդիկ, որոնք գլուխներ են ջարդում ու չեն պատժվում: Սա հետևանք է պատճառի: Այսօր եթե թողնենք ինքնահոսի, եթե ոչ մի լրագրող չպայքարի, հաջորդ անգամ նույնը կրկնվելու է ավելի մեծաթիվ անձանց նկատմամբ ու ավելի դաժան: Իսկ եթե այս գործով լրագրողների միավորում լինի, հաստատ որոշ մարդիկ պատասխանատվություն կկրեն»,-հավելեց Բաղդասարյանը:
Աղբյուրը՝ www.media-center.am
Այս մասին նաև՝ www.aravot.am