Նախաձեռնությունը չապահովեց քաղաքացիների լայն մասնակցությունը, ինչը նաև բերեց այս վիճակին
10:59, July 7, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՈստիկանությունը քիչ առաջ իրականացված հատուկ գործողությամբ Բաղրամյան փողոցից հեռացրեց մոտ երկու շաբաթ այնտեղ նստացույց իրականացնող քաղաքացիերին և բացեց պողոտան: Այս գործողությունը հաջորդել էր նախօրեին ցուցարարների ներկայացված վերջնագրին, որ եթե իշխանությունները չեն կատարում իրենց պահանջները՝ կապված էլեկտրաէներգիայի թանկացման հետ, ապա իրենք սկսելու են բարիկադները մեկ քայլ առաջ տանելու մարտավարությունը: Այս եւ շարժման ընթացքի ու ապագայի մասին զրուցեցինք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Պարոն Սաքունց, այսօր՝ ժամը 21-ին, ըստ էության սպառվում էր վերջնագրի ժամկետը: Արդյոք Բաղրամյանում քիչ առաջ տեղի ունեցածի պատճառը, որ ոստիկանությունն ըստ էության կանխարգելիչ գործողություն իրականացրեց, պայմանավորված էր այդ հանգամանքով: Ինչպե՞ս կգնահատեք ոստիկանության պահվածքը:
Ոչ, քանի որ, փաստորեն որեւէ ռեալ դիմադրություն չկար, նույնիսկ ոստիկանությունն ասում էր կարող եք ձեր պահանջները հստակ ներկայացնել Ազատության հրապարակում, այսինքն՝ պահանջներից ընկրկելու հարց չկար: Այս ամենը պայմանավորված էր ցուցարարների քիչ թվով:Իսկ ոստիկանների պահվածքի վերաբերյալ նախնական տեղեկություն կա, որ բռնություն է կիրառվել, քաղաքացիների նկատմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսեւորվել, բայց ոստիկանության գործողություններն այս փուլում շատ հետաքրքիր էին, որ նրանք կարողացան առանց ուժ գործադրելու բարիկադներ քանդել: Այսինքն տեղից տեղ տեղափոխվելու այդ գործողությունն իրականացնել առանց ջրցան մեքենաների, իսկական բռնության: Թե ինչ է կատարվել բերման ենթարկելու ընթացքում, ոստիկանության բաժանմունքներում, դա կիմանանք ավելի ուշ:
Իսկզբանե ձեւավորված շարժման էներգետիկան շատերի կարծիքով այլ էր, բայց հետագայում, երբ անկախ աուդիտի որոշում կայացվեց եւ «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը հետ քաշվեց Ազատության հրապարակ, ըստ էության շարժումը դեպի մարում գնաց: Արդյոք այս պառակտումը դեր խաղա՞ց, որ շարժումը մինչեւ վերջ չմնաց այն կարգավիճակում, ինչպես ձեւավորվել էր:
Ես կարծում եմ, որ շարժման նկատմամբ պահանջները պետք է շատ ավելի չափավոր լինեն, որովհետեւ նախաձեռնությունը միտված է երկարատեւ պայքարի: Իհարկե, կարեւոր խնդիրներից մեկն է նաեւ, որ այս նախաձեռնությունը չապահովեց քաղաքացիների լայն մասնակցությունը, բոլորս տեսանք, որ եղան որոշակի սահմանափակումներ, մասնավորապես, Եվրոմիության դրոշները կրողների մուտքի արգելք եղավ, բազմազանություն չապահովվեց, որը շարժման կարեւոր սահմանափակումներից մեկն էր եւ որը նաեւ բերեց այս վիճակին, շարժման էներգետիկայի փոփոխության:
Առաջին օրերին էլ նման դրոշներ չկային, բայց շարժումն աննախադեպ մարդաշատ էր, իսկ ընդհանրապես այլ դրոշների ծածանման վերաբերյալ ցուցարարների դիրքորոշումը հստակ էր, նրանք խուսափում էին շահարկումներից: Սա սխալ մոտեցո՞ւմ եք հարում:
-Առաջին օրերին շարժումը դեռեւս նոր թափ էր հաղորդում: Իսկ ցուցարարների տրամաբանությամբ հայկական դրոշների առկայության պարագայում էլ կարելի է ասել իշխանությունները դեր ունեն:
Տեսակետ կա, որ քաղաքական պահանջ չդնելու պատճառով շարժումը որոշակիորեն թուլացավ:
-Ես այդ հարցում միանշանակ մոտեցում չունեմ, բայց կարող եմ ասել, որ երկրում չկա մի այնպիսի խնդիր, որը քաղաքական մոտիվացիա չունենա:Եւ կարծում եմ այդ քաղաքական կոնտեքստը, ենթատեքստը կամ էությունը չտեսնելը նույնպես ինքնասահմանափակման դրսեւորումներից մեկն էր:
Ի՞նչ տվեց այս երկու շաբաթվա շարժումը, արդյունքները բավարա՞ր են , հայտարարվել է միջազգային աուտիտի անցկացման մասին, իսկ մինչեւ դրա ավարտը թանկացման բեռը կհոգա կառավարությունը:
-Քաղաքացիական նախաձեռնության պահանջը չի կատարվել, իսկ այդ պահանջը սակագնի թանկացման որոշման կասեցումն է: Այդուհանդերձ արդյունքը եղավ այն, որ մինչ այդ շարժումը Հայաստանում բառացիորեն ամեն ինչ մեռած էր, նույնիսկ շարժումից մեկ շաբաթ առաջ մեծ էր կասկածները, որ որեւէ ինքնուրույն քայլ, քաղաքացիական նախաձեռնություն հնարավոր է լինի թեկուզ սահմանափակ տիրույթում: Սա հաղթահարվեց եւ կարող ենք ասել, որ Հայաստանում ամեն ինչ մեռած չէ: Իսկ մյուսներն ինչ արդյունքներ էին ակնկալում, դա իրենց գործն է:
Այսօրվանից հնարավո՞ր է նոր փուլ սկսվի, ինչ պահանջներ է հարկավոր հրապարակ բերել:
Շարունակություն հաստատ կլինի, որովհետեւ համակարգը չի փոխվել:
Աղբյուրը՝ www.hayeli.am