Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի գործով դատարանի վճիռը կհրապարակվի հուլիսի 26-ին
12:24, July 7, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)2016 թ. հուլիսի 6-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Հարությունյանի, քննվեց Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) հայցը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության: Հիշեցնենք, որ սույն հայցով հայցվորի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանը պահանջել էին ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որով հայցվորի տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, անվավեր ճանաչել վարչական բողոքի վերաբերյալ 2015 թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայցվորի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:
Նախորդ դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Թ. Ղուկասյանը դատարան ներկայացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գրությունն այն մասին, որ 2016 թ. ապրիլի 25-ին Ժ. Օզկիրիսյանի վերաբերյալ տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը որոշեց այդ մասով կարճել գործի վարույթը:
Այս դատական նիստին մասնակցում էին հայցվորի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանը և փաստաբան Արտուր Հարությունյանը, ինչպես նաև՝ պատասխանող ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Թաթուլ Ղուկասյանը:
Մինչ դատաքննությունն սկսելը՝ կողմերը միջնորդություններ չունեին, հայցվորի ներկայացուցիչ Ա. Հարությունյանը պնդեց հայցը, իսկ պատասխանողի ներկայացուցիչ Թ. Ղուկասյանն առարկեց ներկայացված հայցի դեմ, որից հետո կողմերն անցան բացման խոսքերի ներկայացմանը:
Հայցորի ներկայացուցիչ Ա. Չատինյանը նշեց, որ Ժ. Բ. Օզկիրիսյանը 2015 թ. մայիսի 21-ի երեկոյան ժամանել է ՀՀ, սակայն Զվարթնոց օդանավակայանում վերջինիս 12 ժամ պահելով՝ առավոտյան, իր կամքին հակառակ, հետ են ուղարկել Փարիզ: Դրա վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ներկայացված տեղեկատվության հարցումներից պարզ է դարձել, որ հայցվորի մուտքը ՀՀ տարածք արգելվել է՝ նրա տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված լինելու պատճառով, իսկ Ժ. Օզկիրիսյանի տվյալները հիշյալ բանկից հանելու վերաբերյալ ներկայացված վարչական բողոքը մերժվել է պատասխանողի կողմից:
Պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի զ) ենթակետի՝ (….) օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ, ապա հղում կատարելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին՝ նշեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն, և խնդրեց մերժել ներկայացված հայցը:
Ի պատասխան հայցվորի ներկայացուցիչ Ա. Հարությունյանի այն դիտարկմանը, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը վերաբերում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների մասին տեղեկությունների պաշտպանությանը, մինչդեռ այդպիսի տեղեկություն տրամադրելու պահանջ չի ներկայացվել՝ պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ հոդվածը բովանդակային առումով վերաբերում է նաև օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների պաշտպանությանը:
Ա. Հարությունյանը նաև հարց ուղղեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի կարգավորումների վերաբերյալ, ըստ որի՝ յուրաքանչյուր անձ եռամսյա ժամկետում իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը: Թ. Ղուկասյանը հայտնեց, որ այդ հոդվածը վերաբերում է քրեական գործի հարուցումը մերժելու կամ հարուցված քրեական գործը կարճելու դեպքերին, իսկ հայցվորի պարագայում քրեական գործ հարուցված չի եղել:
Նախագահող դատավոր Ա. Հարությունյանը, նշելով, որ ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, հստակեցնող հարց ուղղեց այն մասին, թե արդյոք որևէ կերպ հնարավոր չէ հայցվորի վերաբերյալ հավաքված տեղեկությունները ներկայացնել դատարան, ինչին բացասական պատասխան տրվեց: Հայցվորի ներկայացուցիչ Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ պատասխանողի ներկայացուցիչը, վկայակոչելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 5-րդ մասը, նշեց, որ դատարանի համապատասխան որոշման դեպքում ևս հնարավոր չէ:
Դատաքննությունը համարելով ավարտված՝ Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:
Ամփոփիչ ճառով հանդես եկավ միայն հայցվորի ներկայացուցիչ Ա. Հարությունյանը, որը նշեց, որ հիմնավորվել է հայցվորի մուտքը ՀՀ արգելվելու փաստը, իսկ այդ գործողությունների ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, որն այդպես էլ դատարան չներկայացրեց իր գործողությունները հիմնավորող որևէ ապացույց: Այդպիսով՝ Ա. Հարությունյանը նշեց, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Գործով դատաքննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի 2016 թ. հուլիսի 26-ին՝ ժամը 17:00-ին:
Տես նաև՝ aravot.am