Լիա Միսակյանի գործով դատական նիստը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում
17:03, September 7, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա երկու տարեկան և երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով դատական նիստը: Սույն գործով վերաքննիչ բողոք են ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Տաթևիկ Սիրադեղյանը, ինչպես նաև՝ ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանն ու Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Լ. Ավետիսյանի, «Արաբկիր» ԲԿ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար՝ նրանց դատապարտելով ազատազրկման՝ համապատասխանաբար՝ երկու տարի ժամկետով և երկու տարի վեց ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատիժ նշանակելու: Միաժամանակ, կիրառելով ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը, դատարանն ամբաստանյալներին ազատեց հիմնական պատժի կրումից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Կից նյութը տես՝ hcav.am