Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է. իշխանությունը զրկվեց միակ հակափաստարկից
09:50, October 7, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ոստիկանություն2013 թվականին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության թիվը 1.6 տոկոսով ավելին է, քան 2012 թվականին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգայինվիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից
Համաձայն հրապարակման՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 2013 թվականին վիրավորվածների թիվը կազմել է 3994, ինչը 6.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Ընդհանուր առմամբ անցած տարի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 8.5 տոկոսով եւ կազմել 2824:
Հարկ է նշել, որ վարորդների և ընդդիմադիրների՝ տեսախցիկների և արագաչափերի ու դրանց արդյունքում ձևավորվող բարձր տույժ-տուգանքների աննպատակահարմարության մասին պնդումներին, իշխանությունները որպես հակափաստարկ ներկայացնում էին ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման ցուցանիշներ: Ստացվում է՝ վիճակագրական ծառայության վերջին տվյալները իշխանություններին զրկում են իրենց միակ հակափաստարկից, որը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, ի սկզբանե մտացածին էր. «Գիտենք, որ դա բիզնես է, այդ արագաչափերը մեծ քանակով ներմուծում է մի ընկերություն, որի հետևում կանգնած է Սաշիկ Սարգսյանը: Նրանք պետական բյուջեի միջոցները իրացնելու մի շատ հետաքրքիր մեխանիզմ ևս գտան և դրանով գումարներ յուրացրեցին: Էստեղ միայն բիզնես շահերով է պայմանավորված: Ի սկզբանե վարորդները գիտեին, որ այս մեթոդի ներդրումը միայն մասնավոր ընկերության շահերից բխող միջոցառում է, և դա անվտանգ երթևեկության կանոնների հետ կապ չունի»:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ օրինաչափություն է այն, որ խախտումների դեմ պայքարում միջոցների խստացումը որպես կանոն երբեք էլ չի հանգեցրել դրանց թվի նվազմանը. «Էստեղ իրավական մշակույթի հետ կապված հարցեր կան, երբ որ կան չպատժվողներ և կա մի ամբողջ խավ, որի նկատմամբ ամբողջ խստությամբ էդ նորմերը կիրառվում է, այդ պարագայում ոչ մի արագաչափ չի կարող հանգեցնել երթևեկության կանոնների նկատմամբ հարգանքի»,- համոզված է իրավապաշտպանը:
Իրավապաշտպանը նաև նշում է, որ ցանկացած ազդեցություն հակազդեցություն է ծնում, ուստի խախտումների թվի աճը կարելի է գնահատել որպես յուրատեսակ ընդվզում այդ կարգապահական կանոնների վերահսկման միջոցների խստացման դեմ. «Ավտոտեսչության պահվածքը ոչ թե ուղղված է կանխարգելմանը, այլ պատժմանը, ոնց որ որսորդներ դուրս գան ճանապարհներին և որսորդությամբ զբաղվեն խախտում անողներին բռնելու և տուգանելու համար: Այսինքն վերաբերմունքը գնում է ոչ թե կանխելու, այլ պատժելու մեջ»:
Աղբյուրը՝ galatv.am