Ոստիկանությունը հաղթեց դատարանում․ ծառայողական քննությունը հայցվորից գաղտնի է պահվելու
17:58, October 7, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՀայաստանի բոլոր ատյանները մերժել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վարչական բողոքը, որով կողմը ցանկանում էր պարտադրել Ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը տեղեկատվություն տրամարդել ծառայողական քննության մասին։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը։
Իրավապաշտպան կազմակերպությանը տեղեկատվության տրամադրելը մերժվել էր այն պատճառաբաությամբ, որ որոշ ոստիկանների մասին անձնական տվյալներ է պարունակում։ Ծառայողական քննության համար հիմք էր հանդիսացել Վանաձորի քաղաքացի Ջուլիետա Հովհաննիսյանը, ով պատմել էր, որ իրեն ոստիկանություն են կանչել և անհարգալից վերաբերվել, մասնավորապես, հայհոյել։
Զալյանը համոզված է, որ տեղեկատվության տրամադրումը մերժելը չի ենթադրում, որ ծառայողական քննություն չի անցկացվել։ Նրա խոսքով՝ եթե տեղեկատվությունը տրվեր, դա լավ նախադեպ կլիներ և բոլոր մարդիկ, ովքեր խնդիրներ ունենային ոստիկանության հետ, կդիմեին ծառայողական քննության պահանջով, կկարողանային հետևել իրենց դիմումի ընթացքին։ Նրա խոսքերով՝ կկարողանային որոշակի վերահսկողություն ունենալ ծառայողական քննությունների վրա։
«Մենք պատրաստվում ենք այս գործով դիմել ՄԻԵԴ»,֊ ասել է Արայիկ Զալյանը։
Հիշեցնենք, որ իրավապաշտպանները նախապես բողոք էին ներկայացրել վարչական դատարան երկու պահանջով՝ պարտադրել Ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը տրամադրել տեղեկատվությունը և վարչական պատասխանատվության ենթարկել վարչության պետ Արմեն Հակոբյանին։ Երկու պահանջները, սակայն, առանձնացվել էին և տարբեր վարույթներով էին քննվում։ Քանի որ տեղեկատվության մասով ընդհուպ մինչև Վճռաբեկ դատարանը մերժել է պահանջը, այսինքն՝ հիմնավորված չի համարվել որոշման անօրինական լինելը, հետևաբար վարչության պետին պատասխանատվության ենթարկելու մասով վարույթը Զալյանը նույնպես անիմաստ է համարել։
Աղբյուրը՝ www.epress.am