«Միտում է նկատվում ՄԻՊ-ի ինստիտուտը «չինովնիկական պոստ»-ի վերածելու». ոլորտի մասնագետների գնահատականները
18:26, February 8, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես ավելի վաղ հրապարակել էինք, մինչեւ փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հանձնաժողովը պետք է որոշի՝ ո՞վ է օմբուդսմենի իրենց թեկնածուն: Անունը ներկայացնելու են ԱԺ-ին, որն էլ քվեարկությամբ մերժելու կամ ընդունելու է անձին՝ ՄԻՊ պաշտոնում:
ՄԻՊ պաշտոնի համար հիմա պայքարը ծավալվելու է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արման Թաթոյանի եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ:
ԳԱԼԱ-ն զրուցել է իրավապաշտպանների հետ: Ինչպե՞ս են նրանք գնահատում ստեղծված իրավիճակը եւ ինչպիսի՞ ելքեր են կանխատեսում:
Իրավապաշտպան-լրագրող Ժաննա Ալեքսանյան
– «ՀՀԿ-ն միաձայն է որոշում ընդունել՝ առաջարկել ՄԻՊ պաշտոնում Արման Թաթոյանին: Այդ ամեն ինչն արդեն իսկ նեգատիվ դաշտ է ստեղծում, եւ չեմ պատկերացնում շարունակությունը՝ ինչ է լինելու: Նա արդյո՞ք հետագայում կկարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել: Դժվար է դա պատկերացնել:
Նախկին պաշտպաններն ինչ-որ գործ արել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Իսկ Արման Թաթոյանի համար, ճիշտն ասած, նոր եմ իմացել, որպես փոխնախարար, չգիտենք էլ՝ ինչ է արել: Հիմա ինչ-որ տեղեկություններ են հրապարակում, որոնցով պարզ չենք կարող պատկերացնել, որովհետեւ գործունեության դաշտ չունի, որ իմանանք՝ ով է ինքը: Միայն այն, որ ՀՀԿ-ն է ներկայացնում այդ թեկնածուին, դա թույլ է տալիս ենթադրելու, որ մենք կունենանք ՀՀԿ օմբուդսմեն: Պաշտոնատար անձ է նա եւ չի կարող այդ ոլորտում գործել: Այն, որ 7 տարի աշխատել է ՄԻՊ-ում, դա ոչ մի ցուցանիշ չէ, այն ժամանակ էլ չենք ճանաչել իրեն, չգիտենք իր գործունեության մասին, եւ հիմա ինքը որպես պաշտոնատար անձ է տեղափոխվում, ես չեմ կարծում, որ սա հույս է ներշնչում, որ մենք կունենանք թեկուզ նախկիններին հավասար օմբուդսմեն»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց
– «Նախընտրելիության հիմնական որոշիչ գործոնով՝ Զարուհի Փոստանջյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետեւողական կլինի: Բայց շատ ավելի կարեւոր է ուշադրություն դարձնել, թե թեկնածուների առաջադրումները համապատասխանո՞ւմ են սահմանադրական նորմերին: Եվ 2005 թ.-ի, եւ նաեւ ներկա Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ հիմնական մոտեցումն այն է, որ ինքը ճանաչված լինի հանրության կողմից՝ որպես այդ բնագավառում հայտնի անձ: Այս առումով Զ. Փոստանջյանն անառարկելի թեկնածու է, եւ Արման Թաթոյանը որպես արդարադատության փոխնախարար ինքն աշխատանք կատարել է, բայց մարդու իրավունքների պաշտպանության համար հանրաճանաչ չէ: Սա է առանցքայինն ու էականը:
Իսկ Արման Թաթոյանի՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, առաջադրումը աննախադեպ երեւույթ է»:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյան
– «Իմ խորին համոզմամբ ելքն արդեն որոշված է. առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ընկալենք այն իրողությունը, որ մարդու իրավունքների պաշտպանը լինելու է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Խոսել նրա մասնագիտական կարողությունների մասին՝ չեմ պատրաստվում, քանի որ նա պատրաստված երիտասարդ կադր է: Բայց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ընկալումը, այդ ինստիտուտի առաքելությունը պայմանավորված չէ լոկ մասնագիտական բարձր կարողություններով: Ավելին, մեր փոփոխված Սահմանադրության 192-րդ հոդվածն ինքնին ամրագրում է, որ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին հավակնելու համար պարտադիր չէ ունենալ բարձրագույն իրավաբանական կրթություն եւ տիրապետել օրենսդրական տեխնիկային կամ մասնագիտական կարողություններով օժտված լինել: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր առաքելություն եւ կոչում է, որ անձը պետք է իր գործունեությամբ վաստակի եւ լինի խարիզմատիկ անձ, ունենա խոսքի բարձր կուլտուրա եւ հեղինակություն:
Ինչպիսին կլինի Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, շատ վաղ եմ համարում այդպիսի գնահատական տալ, թեեւ հիմքերն այս պահի դրությամբ այնքան էլ ուժեղ չեն: Քանի որ առհասարակ ես իրեն երբեւէ մարդու իրավունքների պաշտպան չեմ պատկերացրել: Մարդու իրավունքների պաշտպանը մարդ է, որ պատրաստ պետք է լինի ընդունել լրջագույն հարվածներ եւ պատրաստ լինի նաեւ զոհելու շատ բաներ:
Առհասարակ ես վատ միտում եմ նկատում, որ Հայաստանում փորձ է արվում նսեմացնել, ցածրացնել եւ արժեզրկել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը բացառապես այլ հարթության վրա պիտի գտնվի:
Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նախորդ պաշտպանի՝ աշխատանքից հեռացնելու պարագայում, այնպես էլ նոր պաշտպանի նշանակելու հարցում հնարավորություն է տալիս հանգելու այն եզրակացության, որ Հայաստանում տոտալ կերպով արժեզրկվում է ՄԻՊ ինստիտուտի գաղափարը:
Այսինքն դա դառնում է սովորական շարքային պաշտոն, «չինովնիկական պոստ», որը նշանակում են եւ ցանկացած ժամանակ կարող են ազատել եւ ցանկացած մեկին կարող են նշանակել»: