Հայաստանի ՔՀԿ հայտարարությունը ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
18:34, June 8, 2015 | Համատեղ, Հայտարարություններ2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծ մշակելու նպատակով: Անակնկալ, միակողմանի որոշումների շղթայում այս որոշումը երկրորդն էր մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 3-ի` Ս. Սարգսյանի Մաքսային Միությանը միանալու վերաբերյալ հայտարարությանից հետո: Մինչ այդ որևէ փորձագիտական բանավեճ կամ հանրային քննարկում չի ծավալվել այն մասին, թե Հայաստանում կարիք կա սահմանադրական բարեփոխումների: Փոխարենը՝ իրավական ոլորտի փորձագետները և իրավապաշտպան կազմակերպությունները շարունակաբար մտահոգություն են արտահայտել պետական պաշտոնյաների կողմից Սահմանադրության թերի կիրառման և կոպիտ ոտնահարումների վերաբերյալ:
2014 թ. ապրիլի 10-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ, որում որոշ փոփոխություններ են առաջարկվում մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման, դատական իշխանության և այլնի վերաբերյալ: Ավելին՝ հայեցակարգն առաջարկում է կիսանախագահական կառավարման համակարգից անցում խորհրդարանականի, ըստ որի համապետական ընտրություններ նախատեսվում են միայն ՀՀ Ազգային ժողովի համար, իսկ նախագահն ընտրվելու է պատգամավորների կողմից:
2014 թ. սեպտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով») կարծիք է հայտնել նշված հայեցակարգի վերաբերյալ: Առաջարկվող որոշ փոփոխությունների վերլուծության և դրանց բարելավման վերաբերյալ առաջարկությունների հետ մեկտեղ այն շեշտել է, որ խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը «պարունակում է նաև քաղաքական բաղադրիչ, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում: Ամեն դեպքում, համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա»[1]: Սահմանադրական փոփոխությունների առնչությամբ հասարակության մեջ լայն կոնսենսուսի անհրաժեշտության հարցն ընդգծել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը 2015 թ. ապրիլի 13-15-ը Հայաստան կատարած իր այցի ընթացքում[2]:
Չնայած առաջարկվող սահմանադրական փոփոխությունների շուրջ առկա լուրջ տարակարծություններին և ՀՀ հիմնադիր փաստաթուղթը վերափոխելու հրատապության վերաբերյալ ոչ բավարար հիմնավորմանը, ինչպես նաև որոշ հիմնական փոփոխությունների բովանդակության հետ կապված հարցերին, այդուհանդերձ, առաջարկվող փոփոխություններն ակտիվորեն քարոզվում են[3]: 2015թ. մայիսի 18-19-ին որոշ փոփոխություններ քննարկվել են Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ[4]: Սահմանադրական հանրաքվեի ամսաթիվը դեռևս որոշված չէ, սակայն նախատեսված է այն ավարտին հասցնել նախքան առաջիկա՝ 2017 թ. մայիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները: Նման արագացված տեմպերի պատճառով հասարակությունը հակված է հավատալու, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումը կատարվել է հանուն մեկ գլխավոր նպատակի, այն է՝ որպեսզի վերարտադրվի Ս. Սարգսյանի և/կամ նրա կողմից ղեկավարվող ՀՀԿ-ի քաղաքական իշխանությունը, քանի որ գործող Սահմանադրության համաձայն` նույն անձը չի կարող երրորդ անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում։ Մինչդեռ կառավարման խորհրդարանական համակարգի անցումը Ս. Սարգսյանին հնարավորություն կտա վերարտադրվել և ամրապնդել իր կուսակցության իշխանությունը:
Որպես Հայաստանի ընտրական գործընթացների բազմակողմանի փորձ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ մենք խիստ մտահոգ ենք նախատեսված սահմանադրական հանրաքվեով` ելնելով հետևյալ հիմնավորումներից.
- Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը փաստացիորեն անկախ փորձագետներից կազմված անկախ մարմին չէ, ուստիև սահմանափակված է որոշումներ կայացնելու նրա անկախությունը: Սույն հանձնաժողովը հրավիրվել և գործում է ՀՀ նախագահի ենթակայությամբ: Այն կազմված է պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնց մեծամասնությունը ՀՀԿ ներկայացուցիչներ են (ներառյալ խորհրդի երկու անդամներ) և/կամ բարձրաստիճան պաշտոնյաներ, որ նշանակվել են ՀՀ նախագահի և գործադիր իշխանության խիստ ազդեցությամբ առաջնորդվող օրենսդիրի ձայների մեծամասնությամբ: Ուստիև, մտահոգություններ կան, որ հանձնաժողովի անդամները գործել է շահերի բախման իրավիճակում, և նրանց կողմից մշակված փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում կծառայեն ոչ թե ժողովրդի և հասարակության, այլ՝ մեկ քաղաքական ուժի շահերին:
- Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը առկա խնդիրների լուծում չի առաջարկում:Չնայած այն անկեղծորեն վեր է հանում Հայաստանի զարգացմանն առնչվող մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ՝ մարդու իրավունքների ոտնահարումները, քաղաքական մենաշնորհը, ընտրական գործընթացների հանդեպ վստահության բացակայությունը, դատական իշխանությանն առնչվող խնդիրները և այլն, բազմաթիվ փորձագետների և կազմակերպությունների կարծիքով հայեցակարգի նախագիծը չի առաջադրում այնպիսի դրույթներ, որոնք իրական լուծում կտան այդ խնդիրներին: Դեռ ավելին, ըստ անկախ փորձագետների, առաջարկված անցումը խորհրդարանական համակարգին կամրապնդի քաղաքական մենաշնորհը և կվերացնի առողջ մրցակցությունը՝ ավելի ամրապնդելով ՀՀԿ-ի ավտորիտար ռեժիմը: Սովորաբար խիստ թեժ մրցակցության և քաղաքացիական ակտիվ մասնակցության պայմաններում անցկացվող ՀՀ նախագահի ընտրությունների ինստիտուտի վերացումը չի նպաստի ընտրական համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը:
- Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ չկա հանրային պահանջ: Վերջերս 1300 քաղաքացիների շրջանում «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպության անցկացրած տնային տնտեսությունների հարցումը ցույց է տվել, որ մարդկանց 60.1%-ի կարծիքով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Հարցվողների բացարձակ մեծամասնությունը՝ մոտավորապես 75%-ը չի աջակցում սահմանադրական փոփոխություններին: Հարցման ենթարկված անձանց մի մեծ խումբ՝ 44,8%-ը կարծում է, որ սահմանադրական փոփոխություններով հարցեր չեն լուծվի[5]: Անկախ փորձագետները նույնպես չեն տեսնում սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն: Նրանք սահմանադրական փոփոխություններ անցկացնելու բավարար արդարացում չեն գտնում, փոխարենը դիտարկում են Սերժ Սարգսյանի` իշխանությունը պահպանելու ցանկությունը, և ահազանգում են ավտորիտար ռեժիմն ուժեղացնելու և պետության հետագա ժողովրդավարացման առջև դռները փակելու ռիսկը: Փորձագետները պնդում են, որ գործող սահմանադրությունը կառավարության համար ճգնաժամ չի ստեղծում և սահմանադրական փոփոխություններ սկսելու համար հանրային պահանջարկ չկա[6]:
- Քաղաքական ուժերի վրա ակնհայտորեն ճնշում է գործադրվում սահմանադրական բարեփոխումների աջակցություն ձևավորելու ուղղությամբ: Հասարակության մեջ և ընդդիմադիր քաղաքական կուսակցություններում սահմանադրական փոփոխությունների առումով լայն կոնսենսուսի բացակայությունը արտացոլվել է Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի վերաբերյալ 2014 թ. առաջընթացի զեկույցում[7]: Հիմնական քաղաքական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունների Եռյակը դեռևս 2014թ. վերջին հայտարարել էր սահմանադրական փոփոխությունների նկատմամբ իրենց ընդդիմադիր լինելու վերաբերյալ: Մասնավորապես, նաև այս դիրքորոշումն էր, որ հանդիսացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի պատճառ, որը մեկնարկվեց 2015թ. փետրվարի 12-ին անձամբ ՀՀ նախագահի կողմից: Վերջինիս և նրա կուսակիցների կողմից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ հնչեցվեցին բազմաթիվ մեղադրանքներ և հրապարակային սպառնալիքներ առ այն, որ նրան պատկանող ընկերությունները ստուգման կենթարկվեն հարկային պարտավորությունները չկատարելու առնչությամբ և կստուգվեն խորհրդարանի աշխատանքներին նրա բացակայությունների հիմքերը, հարցականի տակ դրվեցին նրա մտավոր կարողություններն ու գրագիտությունը: Ճնշման տակ Գ. Ծառուկյանը ներկայացրեց հրաժարական ԲՀԿ և ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահի պաշտոններից և հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին, թեև շարունակեց մնալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Խորհրդարանական՝ մեծությամբ երկրորդ կուսակցության նախագահի նկատմամբ այսպիսի ճնշումն, ըստ էության, ազդակ և նախազգուշացում էր մյուս քաղաքական գործիչների համար առ այն, որ Ս. Սարգսյանը պատրաստ է դիմել ամեն միջոցի, որպեսզի իրականացնի պլանավորած սահմանադրական հանրաքվեն:
- Լուրջ մտահոգություններ կան սահմանադրության հանրաքվեի արդյունքների արժանահավատության վերաբերյալ: Դրանք պայմանավորված են քաղաքացիների՝ ընտրական գործընթացներում ունեցած բացասական փորձով: Ընտրությունները սովորաբար ուղեկցվում են ահաբեկմամբ, ընտրակաշառքով, ողջ երկրում վարչական ռեսուրսի չարաշահմամբ: Դեռ 2011 թ. Գելափի հարցումը ցույց է տվել, որ Հայաստանում կանանց միայն 13%-ը և տղամարդկանց 12%-ն է հավատում ընտրությունների ազնվությանը, որով և աշխարհի 125 երկրների շարքում պետությունը զբաղեցրել է ներքևից երրորդ հորիզոնականը[8]: APR Group հասարակական կազմակերպության հետազոտության համաձայն հարցվողների մոտավորապես 56.9%-ը կարծում է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են, իսկ 31%-ի կարծիքով տեղի են ունեցել խախտումներ, սակայն դրանք մեծ ազդեցություն չեն ունեցել: Հարցվողների ամենամեծ խումբը՝ 50%-ը կարծում է, որ հանրաքվեները անիմաստ են, քանի որ ժողովրդի ձայնը հաշվի չի առնվում և ամեն ինչ նախապես է որոշվում: Մարդկանց մոտավորապես 81%-ը նշել են, որ նրանք «բոլորովին չեն վստահում» և «ավելի շուտ չեն վստահում» սահմանադրական բարեփոխումների գործընթացին[9]: Ընտրական գործընթացների և արդյունքների լեգիտիմության վերաբերյալ մտահոգությունները շարունակաբար բարձրաձայնվել են բազմաթիվ տեղական դիտորդ կազմակերպությունների, ներառյալ՝ սույն հայտարությունը ստորագրողների կողմից[10]: Նախագահական ընտրությունների մասին բացասական կարծիք է արտահայտել Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) ղեկավար կոմիտեն[11]: Ավելին, 2012 թ. ՀՀ ԱԺ և 2013 թ. ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ մտահոգություններ է արտահայտել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը[12]: Այն հանգամանքը, որ նախատեսված սահմանադրական հանրաքվեն պետք է ղեկավարի և վերահսկի այն նույն ինստիտուտը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը կազմակերպել է անցած հակասական ընտրությունները, կասկած է հարուցում սահմանադրական հանրաքվեի հանդեպ՝ միջազգային չափանիշներին դրա համապատասխանության առումով: Սահմանադրական հանրաքվեն չպետք է տեղիք տա լեգիտիմ չլինելու վերաբերյալ որևէ կասկածի, եթե ակնկալում ենք, որ հիմնադիր փաստաթուղթը մեծ հարգանքի արժանանա ու դիտարկվի կառավարության ու քաղաքացիների կողմից,:
Վերջերս կատարված ընտրությունների կեղծման հիմնական մեխանիզմը պայմանավորված է պոտենցիալ ընտրողների ցուցակների ուռճացման հանգամանքով: Սույն ընտրացուցակները ներառում են 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիների անունները, այդ թվում՝ նրանցը, ովքեր ապրում, սովորում և աշխատում են արտասահմանում, բայց չեն հրաժարվել իրենց հայաստանյան քաղաքացիությունից[13]: Այս քաղաքացիներին թույլ չի տրվում քվեարկել Հայաստանից դուրս, մինչդեռ Հայաստանում պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, որպեսզի ապօրինաբար չօգտագործվեն նրանց անունները: Կան լուրջ մտահոգություններ, որ բացակա քաղաքացիների անունները կօգտագործվեն ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով: Նման անհանգստությունները հիմնված են վիճակագրության և դիտորդների պատմությունների վրա: Մասնավորապես, 2012 թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ որոշ ընտրատեղամասերում բազմաթիվ անձնագրերի կազմակերպված բաժանման վերաբերյալ բացահայտված դեպքերի առնչությամբ պատշաճ գործողություններ չեն իրականացվել իրավապահ մարմինների կողմից[14]: 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններում, համայնքներից շատերում, որտեղ գործող նախագահը ստացել է ձայների մեծամասնությունը, գրանցել է ծայրահեղ բարձր մասնակցություն՝ հաճախ գերազանցելով 80, 90 և նույնիսկ 100 տոկոսը[15]: Դիտորդներին երբևէ հնարավորություն չի տրվել ճշգրտելու նկատված բազմակի քվեարկողների անուններն ու ստորագրությունները, նման քվեարկությունը չի արգելվել համապատասխան ընտրական հանձնաժողովների և վերադաս վարչական մարմինների կողմից, իսկ վարչական դատարանը կամ իրավապահ մարմինները հետամուտ չեն եղել նման դեպքերին: Այս հարցերը կարող են հեշտությամբ լուծվել ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակները հրապարակելու միջոցով, սակայն իշխանությունների կողմից ուժեղ դիմադրություն է առկա ցուցակները հրապարակելու վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունների նկատմամբ[16], ինչը կասկած է հարուցում ստորագրված ցուցակների արժանահավատ լինելու և բացակա քաղաքացիների անունների հնարավոր չարաշահման առնչությամբ:
Վերոնշյալ փաստերն ու Հայաստանում 1995-ից ի վեր բոլոր ընտրությունների և հանրաքվեների ժամանակ տեղի գտած ընտրախախտումների ու ընտրակեղծիքների պատմությունը թույլ են տալիս հարցականի տակ դնել առաջարկվող հանրաքվեի լեգիտիմությունը, քանի որ այն չի բխում երկրում առկա քաղաքական իրավիճակից և շինծու է դարձնում դրա առաջ մղելու հրատապությունը:
Մենք՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դիմում ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին սատարող բոլոր միջազգային կազմակերպություններին խնդրանքով, որ նրանք աջակցություն չցուցաբերեն սահմանադրական փոփոխությունների գործընթացներին: Պետության հիմնարար օրենքը չպետք է փոխվի որևէ կառավարության կողմից, քանի դեռ առկա չէ նպաստավոր քաղաքական մթնոլորտ և հիմնական քաղաքական դերակատարների ու հանրության կողմից կոնսենսուս նման փոփոխության կարիքի ու անհրաժեշտության վերաբերյալ, առկա չէ ազատ ու արդար ընտրությունների հաստատված պրակտիկա և ընդհանուր վստահություն նման արմատական փոփոխության նախաձեռնողների և բուն հանրաքվեի գործընթացի հանդեպ:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, ստեղծված 2013 թ., քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա է, որը ներառում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի Եվրոպա միավորումը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: Դրա անդամները Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում համապետական ընտրությունների մոնիտորինգի անցկացման բազմամյա փորձ ունեն: Առաջին երկու կազմակերպությունները նաև Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) անդամներ են: Նշված կազմակերպությունների փորձը տարածվում է նաև ընտրությունների դիտորդությունից դուրս՝ ներառելով օրենսդրական առաջարկությունների վերաբերյալ դիտողությունների մշակումը, քաղաքացիների իրազեկումն իրենց իրավունքների մասին, ընտրական գործընթացների հանրային տեղեկատվության հարթակի կառավարումը և ընտախախտումների հարցերին վարչական, դատական և իրավապահ մարմիններում հետամուտ լինելը: 2013 թ. մայիսից ի վեր կոալիցիան նաև դիտարկում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Հայաստանի տարածքում:
[1] «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) կարծիքը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ (Հռոմ, հոկտեմբերի 10-11, 2014 թ.)http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD%282014%29027-e
[2]«ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը Հայաստան կատարած այցի արդյունքներով տարածել է հայտարարություն», «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալություն (Երևան, ապրիլի 16, 2015թ.) http://armedia.am/arm/news/16548/ekhkhv-nakhagah-ann-brasery-hayastan-katarats-ayci-ardyunqnerov-taratsel-e-haytararutyun.html
[3] Հանրաքվեի մոտավոր ամսաթիվը 2015 թ. վերջն է, ինչպես հայտարարել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը Հ3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
[4] Venice Commission, Armenia – Constitutional Reforms, http://www.venice.coe.int/webforms/events/?id=2009
[5] APR Group, Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություն (Երևան, սեպտեմբեր 2014) http://aprgroup.org/images/Library/Constitution/research%20report-eng-q.pdf
[6] Նույն տեղում:
[7] Եվրոպական հանձնաժողով, Աշխատակազմի համատեղ աշխատանքային փաստաթուղթ Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության Իրականացում 2014թ. ընթացքում գրանցած առաջընթացը և առաջարկություններ գործողությունների համար (Բրյուսել, մարտի 25, 2015 թ.):
[8] Լիմարի Մորալես «Կանայք ողջ աշխարհում ավելի քիչ են վստահում ընտրություններին, քան կանայք», Գելափ, Ինկ. (Վաշինգտոն, հոկտեմբերի 11, 2012 թ.) http://www.gallup.com/poll/157997/women-worldwide-less-confident-men-elections.aspx
[9] APR Group, Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություն (Երևան, սեպտեմբեր 2014):
[10] Հայաստանի իրավապաշտպան ՀԿ-ների դիտարկումները 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծված իրավիճակի վերաբերյալ (Երևան, մայիսի 4, 2012), http://transparency.am/hy/news/view/453, Հայտարարություն Հայաստանի Հանրապետության 2012 թ. խորհրդարանական ընտրությունների մասին (Երևան, մայիսի 11, 2012).http://transparency.am/hy/news/view/455 և ՀՀ ԱԺ և առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և պատշաճ կառավարում» 1-ին աշխատանքային խմբի hայտարարությունը (Բրյուսել, հունիսի 6, 2012). http://transparency.am/hy/news/view/476:
[11] ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ (Բրյուսել, 6 մայիսի 2013).https://eaparmenianews.wordpress.com/2013/05/07/%D5%A9%D5%B8%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-126/:
[12] ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույց (Երևան, մայիսի 4, 2012).http://www.osce.org/hy/odihr/elections/91962?download=true, Հայտարարություն Հայաստանի Հանրապետության 2012 թ. խորհրդարանական ընտրությունների մասին (Երևան, մայիսի 11, 2012). http://transparency.am/hy/news/view/455, ՀՀ ԱԺ և առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և պատշաճ կառավարում» 1-ին աշխատանքային խմբի hայտարարությունը (Բրյուսել, հունիսի 6, 2012).http://transparency.am/hy/news/view/476:
[13] Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մոտավորապես 350000 քաղաքացիներ մեկնել են երկրից 2008-ից ի վեր և չեն վերադարձել. http://www.armstat.am/am/?nid=45&year=2014:
[14] Տ՛ես http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Fadp6iwWeLM, http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Fadp6iwWeLM, http://www.youtube.com/watch?v=-sQ0TBbv9OY&feature=g-user-u
[15] Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, 2013 թ. Նախագահական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ. http://elections.transparency.am/2013/index.php?am_home,2:
[16] Ընտրական գործընթացներով մտահոգ ՀԿ-ների հայտարարությունը (Երևան, նոյեմբերի 19, 2012).http://transparency.am/hy/statements/view/163, ՀԿ-ները կոչ են անում փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում (Երևան, հունվարի 22, 2013). http://transparency.am/hy/statements/view/168, Կոչ ՀՀ ազգային ժողովին (Երևան, 12 մարտի 2013). http://transparency.am/hy/news/view/567, ՀԿ-ների հայտարարությունը ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին, (Երևան, փետրվարի 26, 2013). http://transparency.am/hy/news/view/558: