Վերաքննիչը հաստատեց՝ ժամկետային զինծառայողը գնդացրի երեք կրակոցով սպանել է ինքն իրեն
10:04, July 8, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Հայկ ԿալեյանՀՀ վերաքննիչ դատարանը այսօր՝ հուլիսի 7-ին, անփոփոխ թողեց զորակոչվելուց 74 օր հետո` 2012թ. սեպտեմբերի 6-ին մահացած ժամկետային զինծառայող 18-ամյա Հայկ Կալեյանի գործով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը:
NEWS.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ:
«Ես միանշանակ եմ ասում. սա ոչ թե դատավարություն է, այլ խայտառակություն և անբարոյականություն: Ըստ էության, Հայկ Կալեյանի մահվան գործով քննություն չի կատարվել ոչ քննչական մարմնի կողմից, ոչ առաջին ատյանի դատարանում: Փաստորեն Վերաքննիչ դատարանում մեր բողոքում ներկայացված բոլոր տեսակի հիմքերը, փաստերը և սխալներ, որոնք թույլ են տրվել, չեն քննվել: Հանցագործությունը բացահայտված չէ և Կալեյանի՝ գնդացրի երեք կրակոցով ինքնասպանություն գործելու անհեթեթությունը չհերքվեց»,-ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ Հայկ Կալեյանի կողմից ինքնասպանություն կատարելու վարկածը հիմնավորված չէ և տրամաբանությանը չի ենթարկվում:
«Հայկ Կալեյանին ուղղակի սպանել են, և այժմ այդ սպանությունը չեն ցանկանում բացահայտել: Միաժամանակ, դատարանն անդրադարձ չի կատարել տուժողի իրավունքների ոտնահարմանը և գործի ոչ պատշաճ, ոչ օբյեկտիվ, ոչ բազմակողմանի քննությանը: Իրենց մոտ պարզապես մարդ գոյություն չունի»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նշենք, որ Հայկ Կալեյանին ծաղրուծանակի ենթարկելու մեղադրանքով հարուցված քրեական գործով նրա ծառայակիցներ Արմեն Երեմյանը և Նարեկ Սերոբյանը դատապարտվել են 1 տարի 6 ամիս ազատազրկման, բայց համաներումով ազատ են արձակվել: Հայկ Կալեյանի հետ վիճաբանած և նրա նկատմամբ բռնություն գործադրած Ալեքսանդր Պետրոսյանի և Նարեկ Գալստյաի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է կրկին համաներման շրջանակներում:
Աղբյուրը՝ news.am