Պուտինի այցի օրը տեղահանված Խուդոյանների ընտանիքի գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում
10:44, July 8, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն2014 թ. հուլիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահող դատավոր Ե. Դարբինյանի, քննության առնվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և Հեղինե Մակարյանի՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014 թ. որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերի 2-ի լուսաբացին ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով հեռացրել էին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց նստացույցի մեջ գտնվող խուդոյանների ընտանիքի անդամներին: Այդ փաստի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա կայացված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու նպատակով բողոք էր ներկայացվել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Առաջին ատյանի դատարանը, սակայն, մերժել էր ներկայացված բողոքը և հաստատել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
2014 թ. հուլիսի 7-ի դատաքննությանը ներկայացել էին դիմումատուներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը և Հ. Մարկարյանի ներկայացուցիչներ Ա. Խուդոյանը և Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև հետաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության դատախազ Ա. Շահբազյանը:
Դատարանը, նախ ստուգեց կողմերի ինքնությունը, այնուհետև, անցնելով բողոքի դատական ստուգմանը, հրապարակեց ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և ներկայացրեց վերաքննիչ բողոքի էությունը:
Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցուհի, սույն գործով Հեղինե Մակարյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը:
Ի հավելումն ներկայացված բողոքի՝ Ա. Սաքունցը հայտնեց, որ, նման որոշում կայացնելով, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը և առաջին ատյանի դատարանը հանդիսանում են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումը, և հարց դրեց այն մասին, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պետք է գործի որպես դատարան, թե՝ ՀՀ ոստիկանության ստորաբաժանում:
Վերահսկող դատախազ Ա. Շահբազյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքի պատասխանը, որի հիմնավորումների հիմնական ծավալն արդեն իսկ ներկայացվել էր ստորադաս դատարանում:
Սույն գործով բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին: