Շանթ Հարությունյանի և մյուսների գործով շարունակվում է տեսաձայնագրությունների հետազոտությունը
16:44, July 11, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան2014 թ. հուլիսի 11-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Մարտիրոսյանի, շարունակվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին գործով ներգրավված ամբաստանյալները և պաշտպանները հայտարարություններով հանդես եկան որպես իրեղեն ապացույց դատարան ներկայացված և դատական նիստում հետազոտված տեսաձայնագրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա էլ առաջադրվել են մեղադրանքները:
2014 թ. հուլիսի 11-ի դատական նիստին սկսվեց գործով տուժողների հարցաքննությունը: Մինչ տուժողների հարցաքննությանն անցնելը նախագահող դատավոր Մ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստին որպես իրեղեն ապացույց չներկայացված և դատարան ուղարկված իրերը կարգավիճակ չունենալու պատճառով վերադարձվել են նախաքննական մարմնին:
Սույն դատական նիստի ընթացքում հարցաքննվեց տուժող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ գումարտակի պետի տեղակալ Անդրանիկ Առաքելյանը, ով դատական նիստերի դահլիճ ներս մտավ աշխատակիցների համար նախատեսված մուտքից: Վերջինս իր ցուցմունքում հայտնեց, որ 2013 թ. նոյեմբերի 5-ի երթը մեկնարկել է մոտ 17:00-ի սահմաններում, երթի մասնակիցները «Ազատության» հրապարակից ՀՀ օպերայի և բալետի պետական թատրոնի ծառայողական մուտքի մոտով շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա, որից հետո դուրս են եկել փողոցի երթևեկելի մաս, այնուհետև ինքը տեսել է, թե ինչպես է Շանթ Հարությունյանը փայտով հարվածել Գեղամ Սարգսյանին, որից հետո սկսել են տրաքացնել պայթուցիկները: Մեղադրող Գ. Գևորգյանը տուժող Ա. Առաքելյանին ընդամենը մի քանի հարց ուղղեց, որոնց ի պատասխան տուժողը հայտնեց, որ տեսել է նաև սպիտակ սպորտային հագուստով երիտասարդի, այնուհետև պայթուցիկից հետո ծուխ է եղել և, քանի որ իր աչքերը մրմռացել են, մի փոքր հեռու է կանգնել:
Տուժող Ա. Առաքելյանի հարցաքննությունը շարունակեց պաշտպանական կողմը: Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հետաքրքրվեց, թե երթի սկզբին դեպի Մաշտոցի պողոտա դուրս գալու պահին ինքն ում հետ է եղել: Տուժողը, թեև չկարողացավ հստակ հիշել, թե ում հետ է եղել Շանթ Հարությունյանը, սակայն չհերքեց Վալերի Օսիպյանի հետ լինելու հնարավորությունը: Տուժողը հայտնեց, որ այդ օրը «Ազատության» հրապարակի տարածքում ծառայության է ներգրավվել ժամը 15:30-ի սահմաններում: Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հարցին ի պատասխան Ա. Առաքելյանը նշեց, որ մինչ ծառայությանն անցնելն արդեն իսկ լրատվամիջոցներից տեղեկացված է եղել երթի մասին և տեղյակ է եղել, որ երթի մասնակիցները պետք է շարժվեն դեպի Բաղամյան 26:
Փաստաբան Կարեն Քալանթարյանը փորձեց պարզել, թե արդյոք տուժողը 2013 թ. նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 5-ը «Ազատության» հրապարակի տարածքում ծառայություն իրականացնելիս տեսել է այնպիսի իրեր և լսել այնպիսի կոչեր, որոնք կարող էին խաթարել հասարակական կարգը, սակայն տուժողը չկարողացավ մտաբերել: Տուժողը չկարողացավ հստակ հիշել, թե ինչ գործողություններ է կատարել սպիտակ սպորտային հագուստով երիտասարդը, նշելով որ բոլորը քաշքշում էին, այդ թվում նաև՝ նա:
Պաշտպան Արա Զաքարյանը հարցրեց, թե արդյոք ոստիկանության աշխատակիցները բարձրախոսով պահանջել են դադարեցնել երթը: Տուժողը նշեց, որ նման նպատակ չի եղել, իրենց խնդիրը եղել է հասարակական կարգի խախտումը կանխելը: Տուժողը հայտնեց նաև, որ հասարակական կարգի խախտումից հետո ևս բարձրախոսով չի հայտարարվել երթը դադարեցնելու մասին, որովհետև դրա անհրաժեշտությունը չի եղել:
Այնուհետև Շանթ Հարությունյանը փորձեց պարզել, թե արդյոք Ա. Առաքելյանը տեղյակ է, որ հասարակական կարգի պահպանության անհրաժեշտությունից ելնելով, կարելի է թույլ տալ մեծ բազմությանը փողոցը հատել ոչ թույլատրելի հատվածից: Հարցաքննվող տուժողը բացասական պատասխան տվեց և նշեց, որ այդ հատվածում կարելի էր փողոցը հատել միայն անցումով: Այն հարցին, թե արդյոք տուժողը տեղյակ է, որ անցումի վրա սադրանք է կազմակերպված եղել և հենց այդ պատճառով է Շանթ Հարությունյանը հատել փողոցը ոչ թույլատրելի հատվածից, նույնպես բացասական պատասխան տվեց:
Գործով ներգրավված պաշտպան Հովհաննես Քոչարյանի հարցին, թե ինչու ոստիկանության աշխատակիցները չեն կատարել երթի մասնակիցներին օժանդակելու իրենց պարտականությունը, տուժողը պատասխանեց, որ իրենք պաշտպանել են նաև մյուս քաղաքացիների իրավունքները:
Ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանը հարցրեց, թե տուժողը կոնկրետ ինչից է տուժել: Հարցի պատասխանը զավեշտ առաջացրեց դատական նիստին հետևող անձանց մոտ, քանի որ պարզվեց, որ տուժողը մարմնական վնասվածք չի ստացել, հագուստները չեն պատռվել, ուղղակի աչքերն են մրմռացել:
Հարցերի արդյունքում տուժող Ա. Առաքելյանը հայտնեց, որ Գեղամ խաչատրյանը մոտեցել է Շանթ Հարությունյանին և պահանջել դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից, իսկ օրենքով սահմանված կարգով երթի մյուս մասնակիցներին այդ մասին հայտնելու պարտականությունը կրել է Շանթ Հարությունյանը՝ որպես երթի կազմակերպիչ: Պարզվեց սակայն, որ տուժողն անձամբ չի լսել, թե ինչ է հայտնել Գեղամ Խաչատրյանը Շանթ Հարությունյանին: Ամբաստանյալ Միսաք Առաքելյանի հարցին ի պատասխան տուժողը հայտնեց, որ բերման ենթարկելու ժամանակ երթի մասնակիցների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ:
Ա. Առաքելյանի հարցաքննությանը պետք է հաջորդեր գործով տուժող Գեղամ Խաչատրյանի հարցաքննությունը, սակայն ամբաստանյալ Շահեն Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ վերջինս առողջական խնդիրներ ունի և չի կարող շարունակել մասնակցությունը դատական նիստին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ դատական նիստը հետաձգվեց:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թ. հուլիսի 16-ին, ժամը 12:00-ին: