Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով քսանմեկերորդ դատական նիստի մասին
19:37, July 8, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թվականի հուլիսի 8-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քսանմեկերորդ արտագնա դատական նիստը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրեց դատավոր Հարություն Մովսեսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերը: Մասնավորապես՝ անդրադարձավ այն հարցին, որ 2016 թ. մայիսի 27-ի դատական նիստի ընթացքում Դատարանը որոշում էր կայացրել քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու մասին՝ Ռուսաստանի Դաշնությանը ճանաչելով պատասխանող կողմ, իսկ տուժողների իրավահաջորդներին՝ քաղաքացիական հայցվորներ: Ավելին՝ ժամկետներ էր խնդրել քաղաքացիական հայցը թարգմանելու և ռուսական կողմին ներկայացնելու համար, սակայն հաջորդ դատական նիստի ընթացքում մերժեց հայցը վարույթ ընդունել՝ սրանով ցույց տալով, որ դատավորը կաշկանդված է ռուսական կողմի դիրքորոշումներով, ունի կանխակալ վերաբերմունք, հետևաբար՝ չի կարող իրականացնել արդար դատավարություն:
Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը միացան տուժողների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչները ևս:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, համոզված լինելով, որ միջնորդությունը մերժվելու է՝ կարևորում է միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման պատշաճ հիմնավորումների ներկայացումը, քանզի նրա կարծիքով՝ Դատարանը անկախ չէ անգամ այդ հարցում:
Հայտարարվեց, որ Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ մեկ աշխատանքային օրով՝ դատական նիստի ձայնագրության միջոցով ծանոթանալու ներկայացված միջնորդությանը:
Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի 2016 թ. հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ին: