«Քննիչն ասում էր՝ Իվան Գրիգորյանին չէին գտնում, ես գտել բերել, հարցաքննել եմ». Մատաղիսի գործի երկրորդ քննությունը
00:04, August 9, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՄատաղիսի գործով տուժող, 2004 թ.-ին սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի ծնողները անհանգստացած են. հերթական անգամ գործի երկրորդ քննությունը ձգձգվում է, եւ մտավախություն ունեն, որ գործը «քնեցնում են»:
Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մտադիր է բողոք-դիմումներ հասցեագրել ՀՀ դատախազություն:
Հիշեցնենք, որ 2012 թ.-ի դեկտեմբերի 12-ից հետո, երբ հրապարակվեց Գյումրու ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով արդարացվեցին երեք ամբաստանյալ զինծառայողները, տուժողներից Հովսեփ Մկրտումյանի հարազատները նոր բողոք ներկայացրին ՀՀ զինդատախազություն՝ ըստ էության, գործի նոր քննություն սկսելու համար, քանի որ պարզվեց՝ շուրջ 8 տարի գործի քննությունը գնացել է այլ ուղղությամբ, եւ ազատազրկված են եղել անմեղ մարդիկ, իրական հանցագործները մնացել են դրսում:
Անցած տարի սկսվեց գործի երկրորդ քննությունը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Հովսեփ Մկրտումյանի մայրը՝ Գրետա Մնացականյանը, դեռ մեկ տարի առաջ նշում էր, որ այս անգամ նրանք հույս ունեն, որ վերջապես 10 երկար ու ձիգ տարիներից հետո նրանց որդու սպանողները՝ իրական հանցագործները, կբացահայտվեն եւ կհայտնվեն արդարադատության առջեւ: Սակայն արդեն մեկ տարի շարունակ ձգձգվում է երկրորդ գործի քննությունը:
«Դրանից հետո ասում են՝ ոչ մի բան չկա, ինչքան զանգում եմ, ասում են՝ նորություն չկա, ձգձգում են: Ասում է՝ քննություն է գնում, քննության գաղտնիություն կա, եւ չենք կարող ասել:
Մի տարուց ավելի է՝ ի՞նչ են քննում, ոչինչ չգիտեմ, հավանաբար ուզում են ժամանակ շահել, դրա համար որոշել եմ գնալ անձամբ քննչական մարմիններից հետաքրքրվեմ, եթե նորություն չեղավ, դիմումներ եմ գրելու դատախազություն»:
Որդեկորույս հոր խոսքերով՝ արդեն 10 տարին լրացավ, երբ որդին այս երկրի երեսին չկա, սակայն գործի բացահայտման ուղղությամբ մեկ քայլ անգամ չի կատարվել:
«2004-ին էր դեպքը եղել: Ուղիղ տասը տարի, հունվարի 8-ին իմ տղուն են սպանել՝ ըստ դակումենտի, իսկ Ռոման Եղիազարյանին՝ 2003 թ.-ի դեկտեմբերին:
Միակ դրականն այն էր, որ գոնե անմեղ երեխեքին ազատեցին: Ես էլ հույս ունեի, որ ըսենց գնա, գործը կպարզվի, բայց քնցնում են»:
Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ հասնելու է նրան, որ դատարանում անպայման հարցաքննվեն մի քանի անուններ, որոնք «դուրս են պլստացել գործից»: Նրանք են՝ Իվան Գրիգորյանը, Միշիկ Արզումանյանը եւ Կառլեն Մայիլյանը:
«Երկրորդ գործի քննության մեկնարկից հետո, երբ երկրորդ անգամ եկա հետաքրքրվեցի, քննիչն ինձ ասաց՝ էդքան ժամանակ դատարանը չէր գտնում Իվան Գրիգորյանին, ես գտել բերել եմ, հարցաքննել եմ, այնպես որ գործ եմ անում:
Հիմա չգիտեմ էլ ինչ է ասել Իվան Գրիգորյանը, որովհետեւ գործի քննությունից ելնելով՝ բան չեն ասում:
Բայց շատ կարեւոր է եւ նրա՝ Իվան Գրիգորյանի, եւ Միշիկ Արզումանյանի հարցաքննությունը:
Միշիկ Արզումանյանը կամանդիր պալկան էր, Մայիլյանը զամպալիտն էր, Իվան Գրիգորյանը՝ կամբատը:
Ես շեշտում էի այդ անունները, որովհետեւ գործի ամենասկզբից մի վկա (Հոկտեմբերյանից էր) ցուցմուքն էր տվել ու ասել, որ իմ երեխայի սպանությանը այդ երկուսը՝ Կառլեն Մայիլյանը եւ Իվան Գրիգորյանն են մասնակցել: Անձամբ տեսել են, 4 ամիս այդ ուղղությամբ քննությունը գնաց, հետո տարան, կոծկեցին: Իսկ հիմա իբրեւ նոր քննություն պիտի ընթանա, բայց արդեն տեսնում եմ, որ քնցնում են»,- ասաց Հ. Մկրտումյանը:
Հիշեցնենք, որ այս քրեական գործում մի ուշագրավ նամակ կա, որի մասին միշտ հիշատակում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Այն ժամանակ պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանը գրել է այն ժամանակ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և խնդրել՝ հաշվի առնելով, որ Իվան Գրիգորյանը պատերազմի հերոս է և զղջացել է, խնդրել է նրա նկատմամբ մեղմ վարվել:
Այնուհետ այդ նամակից հետո 2004-ից մինչև դատաքննության ավարտ ՀՀ-ում չեն կարողացել հայտնաբերել Իվան Գրիգորյանին:
Աղբյուրը` galatv.am