Վերջին լարվածությունն իրապես համընկավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի հետ
14:11, September 8, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերջին շրջանում Ադրբեջանի կողմից խախտվում է հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդը դիմում է սադրիչ գործողությունների՝ գնդակոծության տակ պահելով Տավուշի մարզի մի շարք գյուղեր: Սահմանային իրավիճակի, Սարգսյան-Պուտին հանդիպման վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, ըստ Ձեզ սահմանային վերջին լարվածությունն ինչով է պայմանավորված:
-Սահմանային լարվածության մեծացումը, որն ուղեկցվում է ավելի հզոր զենքերի կիրառմամբ և նաև ուղեկցվում է զինծառայողների շրջանում մահացության թվի աննախադեպ աճով, ևքաղաքացիական բնակչության շրջանում կորուստներով՝ թե՛ նյութական, թե՛ մարդկային, այս վերջին լարվածությունն իրապես համընկավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի հետ: Նման համընկնումներ հաճախ են նախորդել ՌԴ ներկայացուցիչների տարածաշրջան այցելությունների կամ Կրեմլի նախաձեռնությամբ որոշակի հանդիպումներից առաջ: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում այդ համընկումների պարբերականությունը, որ սրանք կարծես թե հենց ծրագրավորած լինեն և նույնիսկ միջոց են հանդիսանում կողմերի վրա ճնշում գործադրելու՝ տվյալ դեպքում առավել մեծ է ճնշումը հայական կողմի վրա, որովհետև հայկական կողմը ըստ էության ինչ-ինչ հարցերում երևի թե իր համաձայնությունը մինչև վերջ չի տալիս, կամ որոշակի զիջումների չի գնում, կատարելով Կրեմլի բոլոր պահանջները: Եվ նրանք ադրբեջանական կողմին անհամաչափ զինելով, մահակ են օգտագործում հայաստանյան իշխանությունների վրա:
Նմանապես նաև Հայաստանին կարող են օգտագործել որպես մահակ և ամենայն հավանականությամբ կարող են օգտագործել հենց Ադրբեջանի նկատմամբ: Դա ագրեսիվ քաղաքականություն իրականացնող հզոր երկրի զինանոցն է, որը մենք տեսնում ենք թե ինչպես կիրառվեց Վրաստանի ,ինչպես նաև Ուկրաինայի նկատմամբ, երբ որ բռնակցվեց Ղրիմը: Եվ հիմա ակնհայտ ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում Ուկրաինայի Արևելքում զինծառայողների և զինտեխնիկայի անմիջական մասնակցությամբ: Այդ լարվածության առաջացումը պայմանավորված է Կրեմլի քաղաքականությամբ, Մինսկի խմբի համանախագահ երկիր լինելով հանդերձ որդեգրել է բոլորովին այլ մոտեցում, քան մինչ այդ գտնվում էին համանախագահների գործունեության ձևաչափում, որովհետև նրանք պետք է միջնորդական դեր կատարեին, ընդ որում այդ դերը կատարելով առաքելություն ունեին նպաստելու հրադադարի ռեժիմի պահպանմանը, իսկ տվյալ դեպքում ՌԴ-ն վարքագիծն ակնհայտորեն ուղղված է լարվածության մեծացմանը: “Բաժանիր, որ տիրես” քաղաքականության սկզբունքի իրականացնման նպատակով, որն ըստ էության լուրջ հարված է Մինսկի խմբի ֆորմատին:
Այսինքն ՌԴ սպառնալիք է անվտանգությանը, մի մտածեք, եթե այն զենքով զինում է Ադրբեջանին, ապա նա ապահովում է այդ երկրի անվտանգությանը: Ոչ, նա սպառանալիք է Ադրբեջանի և այս պահին նաև Հայաստանի համար: Սպառնալիք է խնդրի խաղաղ կարգավորման միջազգային ձևաչափի համար, որովհետև ըստ էության միջազգային ձևաչափի կանոնները ամբողջովին խախտում է և այն իր ձևաչափն է փորձում պարտադրել հակամարտող կողմերին: Այս պարագայում մենք լուրջ խնդիրներ ունենք և տեսնում ենք, որ մոտենում են այնպիսի իրավիճակի, որ նախկին պահվածքը լռության մատնելու կամ հեռու արգենտինաներում ինչ-որ դժգություն արտահայտելու, ջայլամի քաղաքականության այդ վարքագիծն անհամատեղելի է այն իրավիճակի հետ, որում մենք գտնվում ենք: Կարծում եմ հենց սահմանային իրավիճակի ժամանակ պետք է պատասխանատուները հստակ իրենց գնահատականները հնչեցնեն ՌԴ, Կրեմլի քաղաքականության վերաբերյալ, այլապես վիճակը կարող է շատ ավելի վատթարանալ:
-Պարոն Սաքունց պատահական էր արդյո՞ք Սարգսյան-Պուտին հանդիպումը, և ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:
-Կարծում եմ այն իրավիճակը, կամ վերաբերմունքը, որն ունի Կրեմլը Բաղրամյան 26-ի նկատմամբ թույլ է տալիս ցանկացած պահի պաշտոնական այցի ձևակերպման տակ բերման ենթարկել Սարգսյանին՝ Կրեմլ, և դա ակնհայտ երևում է նաև ԵՏՄ շրջանականերում, հանդիպումներում տիրող իրավիճակի փաստով, թե ինչպիսին է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի իրական կարգավիճակը: Այնպես, որ դա չենք կարող համեմատել ՌԴ-ն և Չինաստանի հանդիպումների նախապատրաստման ֆորմատին: Պուտինը, երբ ցանկանա կարող է ասել, որ գա, քանի որ քննարկելու հարցեր կա:
Պատահական համարել, որ սեպտեմբերի 7-ի հանդիպումը որևէ կապ չունի սահմանային իրավիճակի հետ, անիմաստ է. Ունի և ակնհայտ կապ ունի, պարզապես մինչ այդ ինչ դիրքորոշում, որ ձևակերպել է Սերժ Սարգսյանը սահմանային լարվածության բարձրացման վերաբերյալ, ինչ քայլեր, որ կատարել է, որպես երկրի ղեկավարի դրում հանդես եկող անձ, այդ ստեղծված հողի վրա էլ ունենալու է իր պտուղները, որտեղ ըստ էության որևէ ասելիք չունի, պետք է լսի, կամ լավագույն դեպքում դժգոհի փակ դռների հետևում: Որևէ ակնկալիք, որ այդ հանդիպումը կհանգեցնի իրավիճակի լուծմանը՝ լարվածության թուլացմանը, որևէ հիմքեր չեմ տեսնում, եթե փաստացի նույնիսկ լարվածությունը նվազի, ապա դրա դիմաց Սերժ Սարգսյանը ինչ-որ հրահանգներ է ստանալու, եթե կրկին չկատարի լարվածությունն էլի կլինի:Այս տեսակետն այս կերպ եմ ձևակերպում, քանի որ Սերժ Սարգսյանը պատասխանատվություն ունի Կրեմլի, Պուտինի առջև, բայց պատասխանատվություն չունի ՀՀ քաղաքացիների անվտանգության և իրավունքերի պաշտպանության կողմից: Այս առումով մենք տեսնում ենք ՀՀ քաղաքացիների անվտանգությունը նա զոհաբերել է իր այդ սպասողական, գիտակցված անգործության արդյունքում, զոհաբերել է Կրեմլին, ծրագրերին և քաղաքական նկրտումներին:
Այդ հանդիպումից մենք ավելի շատ ունենալու ենք սպառնալիքների հերթական մի փունջ, որն ուղղված կլինի մեր անվտանգության դեմ: Այս պարագայում Սերժ Սարգսյանին և իր ղեկավարած քաղաքական ուժին մնում է երկու ելք՝ հրաժարական, հակառակ պարագայում վիճակի հետագա վատթարացման հետևանքով նա շատ ավելի մեծ պատասխանատվության տակ է ընկնելու: Կա արժանապատիվ հեռանալու հնարավորությունը:
Աղբյուրը՝ shabat.am