Փաստերն աղավաղելով՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու փորձ: Սպասենք ՀՀ Գլխավոր դատախազության որոշմանը
18:13, September 8, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԻ պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տարածված «Ոստիկանները սպանվածի՝ իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենայով խախտում են կատարել. տեսանկարահանող սարքերն արձանագրել են (Տեսանյութ)» վերտառությամբ հրապարակման՝ ՀՀ Ոստիկանության կողմից նախօրեին հերքում է տարածվել, համաձայն որի՝ «Mercedes-Benz» մակնիշի 34 TU 091 հաշվառման համարանիշի փոխարեն թյուրիմացաբար ֆիքսվել է 34 TD 091 հաշվառման համարանիշը և 2016 թ. օգոստոսի 18-ին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում: 2016 թ. սեպտեմբերի 7-ին հիշյալ որոշումը բեկանվել է:
Հարկ ենք համարում նշել, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որով պահանջել է բացահայտել և պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած անձանց, ինչին պատշաճ ձևով ընթացք տալու փոխարեն իրավասու պետական մարմինները պարզապես շտապել են Ոստիկանության լրատվության բաժնի կողմից արված հերքումով, ինչը բավարար չէ՝ պնդելու համար, որ հանցագործություն իրականում տեղի չի ունեցել:
Իրավապահ մարմինները պարտավոր են հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ և դրա շրջանակում նշանակել համապատասխան փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք մեքենայի շարժիչը գործարկվել է արգելադրման վերցվելու օրվանից ի վեր, արդյոք հնարավոր չէր ճշգրիտ նույնականացնել մեքենայի պետհամարանիշը և համեմատել տեսանյութով ֆիքսված մեքենան Հ. ֆալանջյանին պատկանող ավտոմեքենայի լուսանկարների հետ պատշաճ քննություն իրականացնելուց հետո: Դրանից հետո միայն հնարավոր կլինի պնդել՝ տեսանկարահանված մեքենան սպանվածի՝ արգելանքի տակ գտնվող մեքենա՞ն էր, թե՞ ոչ:
Ամեն դեպքում վարչական տույժ նշանակելու մասին՝ ոստիկանության որոշմանը կցված լուսանկարում երևում է 34 TD 091 պետհամարանիշը:
Հետաքրքրիր է՝ ոստիկանության կողմից նման վրիպումներ հաճա՞խ են թույլ տրվում: