ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման մասին
10:23, October 8, 2016 | Համատեղ, Հայտարարություններ | Ընտրական իրավունք7 հոկտեմբերի, 2016թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման մասին
2016թ. հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովն ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) նոր կազմ՝ նախագահին և անդամներին, որը հենց գործող ԿԸՀ-ի կազմն է: Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի տվյալ որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ընտրական համակարգի բարեփոխման և առաջիկայում նախատեսվող ընտրությունների օրինականության ապահովման առումով:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ԿԸՀ-ն հանդիսանում է ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին և, այդպիսով, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների օրինականության համար:
ԿԸՀ-ի գործող և Ազգային ժողովի կողմից ընտրված (ըստ էության՝ վերանշանակված) կազմը, այդ թվում՝ նախագահը նշանակվել են ՀՀ նախագահի կողմից 2011թ. ի վեր ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում տեղի են ունեցել 2012թ. Ազգային ժողովի, 2013թ. նախագահական, 2013թ. Երևանի ավագանու և հարյուրավոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ինչպես նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որոնց համապատասխանությունն ազատ և արդար ընտրությունների չափանիշներին վիճելի է:
2011-2016թթ. ընթացքում ԿԸՀ-ի գործող կազմը բազմիցս ձախողել է պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպման և վերահսկողության՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իր լիազորությունները, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի ապահովումն ու պաշտպանությունը: Մասնավորապես՝
- 2011թ.-ից ի վեր դիտորդական առաքելությունների կողմից դիտարկված ընտրատեղամասերում չի նկատվել տեղամասային և ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքի որակի էական բարելավում, ինչը նշանակում է, որ ԿԸՀ-ի կողմից անցկացված մասնագիտական դասընթացները բավարար արդյունավետ չեն եղել: Դրա վառ վկայություն են տեղամասային հանձնաժողովների կողմից գրանցամատյանների վարման և հանձնաժողովի հերթափոխի կարգի խախտումները, քարոզչանյութերի առկայությունը կամ կողմնակի անձանց ներկայությունը տեղամասում և միջամտությունը ընտրական գործընթացին, քվեարկության ընթացքում ընտրական օրենսգրքի խախտումները հաճախ չարձանագրելը և այդ կապակցությամբ անգործություն դրսևորելը, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման փուլում թույլ տրվող խախտումները և սխալ արդյունքներով արձանագրությունների կազմումը: Հիշյալ դրսևորումները վկայում են կամ հանձնաժողովների մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակի, կամ դիտավորությամբ կատարվող կեղծիքների կամ անգործության մասին:
- Ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրությունները, որպես կանոն, «սրբագրված» են տեղադրվում ԿԸՀ կայքում, ինչը թույլատրված չէ օրենքով: Այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 475 տեղամասերի արձանագրությունների քաղվածքների ուսումնասիրության արդյունքում դրանցից մոտ 440-ում հայտնաբերվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ելակետային տվյալների բացակայությունը, թվաբանական անճշտությունները, հանձնաժողովի անդամների ստորագրությունների բացակայությունը, տեղամասի արձանագրության և ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալների միջև անհամապատասխանությունը և այլն:
- 2013-2016թթ. ընտրությունների ընթացքում դիտորդների, դիտորդական կազմակերպությունների և ընտրական գործընթացների այլ մասնակիցների կողմից տեղամասային կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրախախտումների վերաբերյալ բողոքներն արդյունավետ քննության չեն ենթարկվել, քանի որ ԿԸՀ-ն, հիմնականում, ձևական սխալների պատճառով դիմումների և/կամ բողոքների մերժման արգելքի անտեսմամբ, ինչպես նաև դիտորդների և ՀԿ-ների բողոքարկման սուբյեկտ չհանդիսանալու պատճառաբանություններով մերժել է դիմումների հիման վրա վարչական վարույթների հարուցումը և բողոքների՝ ըստ էության և արդյունավետ քննությունը: Արդյունքում, բողոքարկման ինստիտուտը, հիմնականում ԿԸՀ-ի գործող կազմի որդեգրած աշխատաոճի պատճառով եղել է անարդյունավետ, իսկ ընտրական իրավունքի և ընտրական գործընթացի օրինականության ապահովման դրական պարտավորությունը մնացել է չկատարված: Հարկ է նշել նաև, որ ԿԸՀ-ն ներկայացված դիմումներով իրեն հայտնի դարձած փաստերով ի պաշտոնե սեփական նախաձեռնությամբ երբևէ վարույթ չի հարուցել՝ խախտելով օրենսդրական իր պարտականությունները:
- ԿԸՀ-ն որպես ընտրական հանձնաժողովների նկատմամբ վերադաս մարմին երբևէ միջոցներ չի ձեռնարկել ստորադաս հանձնաժողովների կողմից կատարած խախտումներն արձանագրելու և դրանցում մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը նախաձեռնելու ուղղությամբ:
- ԿԸՀ-ում բացակայել են մասնագիտական քննարկումները և տեսակետների մրցակցությունը՝ չնայած ըստ օրենքի տարբեր մարմինների առաջադրմամբ հանձնաժողովի անդամները պետք է ապահովեին միմյանց հակակշռման և փոխադարձ զսպման հարցը: Բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն՝ առնվազն կասկածի տակ դնելով ԿԸՀ-ի գործող կազմի ինքնուրույնությունն ու անկախությունը:
Ընտրական գործընթացների կազմակերպման և վերահսկման թերացումները, ինչպես նաև բողոքարկման անարդյունավետությունը բազմիցս և շարունակաբար մատնանշվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում, ինչպես նաև քաղաքական կազմակերպությունների կողմից: Հենց դրանցով են պայմանավորված եղել ընտրակեղծարարության մասին շարունակական կասկածները և պնդումները, և հենց դրանք են եղել ընտրությունների միջոցով ձևավորվող մարմինների լեգիտիմությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնները:
Այս ձախողումների վրա աչք փակելն ու ԿԸՀ-ի նույն կազմն առաջադրելն ու ընտրելն առնվազն նշանակում է, որ իշխանությունը և, մասնավորապես, կողմ քվեարկած կուսակցությունները կամ պատգամավորները գոհ են ԿԸՀ-ի աշխատանքից, և ժողովրդի վստահության և լեգիտիմության խնդիրը նրանց չի հուզում, ինչն, անշուշտ, նաև զարմանալի չէ ընտրությունների արդյունքների պարբերական և համակարգված կեղծման լույսի ներքո:
ԿԸՀ-ի նույն կազմն առաջադրելն ու ընտրելը նաև նշանակում է, որ իշխանությունն անհանգիստ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր համար անցանկալի ելքով, և ընտրական օրենսգրքում ներմուծված մի շարք գործիքների, մասնավորապես՝ դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակմանը և համամասնական տարածքային ցուցակների կիրառմանը զուգահեռ փորձում է ամրապնդել իշխանության վերարտադրության անհրաժեշտ հենքը՝ ընտրական գործընթացներում իրեն բարեհաջող ծառայած ու հմտացած, ինչպպես նաև իրեն ձեռնտու ԿԸՀ-ի կազմի միջոցով:
Ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, այդ թվում՝ և, որպես անկյունաքարային միջոց, ԿԸՀ-ի նոր կազմ, որը կլինի անկախ և ի վիճակի՝ կազմակերպելու օրինական ընտրություններ, ապահովելու ընտրական իրավունքի պատշաճ պաշտպանություն և արատավորված չի լինի ընտրակեղծարարությանը մասնակից լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածներով:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամ
«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ
«ԽորանԱրդ» ինտելեկտուալ ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ