Հանրաքվեի քվեարկության արդյունքների կեղծման ուղղությամբ իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
13:06, December 8, 2015 | Հայտարարություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններ2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության գործընթացի, այդ թվում՝ արդյունքների կեղծման վերաբերյալ բազմաթիվ ահազանգերի ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից բազմաթիվ գրություններ են հասցեագրվում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հասցեով՝ խախտման փաստի հիման վրա քննություն իրականացնելու նպատակով: Կարևորելով քվեարկության գործընթացի ժամանակ խախտումների ուղղությամբ արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ մեր մտահոգությունն ենք հայտնում դրանց, ըստ ժամանակի, արդյունավետության վրա: Խախտումների մեծ մասը, որոնք տեղի են ունեցել քվեարկության ընթացքում, պետք է կանխվեին հենց այդ ժամանակ:
Կարևորում ենք բացակա ընտրողների փոխարեն լցոնումների, այլ քաղաքացիների միջոցով քվեարկության փաստերի բացահայտումը, որոնց ուղղությամբ ակնկալում ենք իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ գործողություններ, մասնավորապես՝ այն տեղամասերում, որտեղ արձանագրվում է քվեարկության մասնակցության հանրապետության միջին մակարդակից անհամեմատ և ակնհայտ մեծ մասնակցություն: Իրավապահ մարմինները կարող են սեփական նախաձեռնությամբ իրականացնել ստուգումներ՝ մոտ 1 մլն բացակայող ընտրողների փոխարեն ընտրության փաստերը բացահայտելու նպատակով:
Միայն համեմատելով ստորագրված ընտրական ցուցակների տվյալները տվյալ տեղամասում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների իրենց բնակավայրում փաստացի գտնվող անձանց ցուցակի հետ՝ հնարավոր է վստահորեն հաստատել կամ հերքել բացակա ընտրողների քվեարկության փաստը: Նման ստուգումներ պետք է կատարվեն իրավապահ մարմինների մասնակցությամբ, որը կվկայի նրանց՝ քվեարկության արդյունքների կեղծման վերաբերյալ հիմնավոր կասկածները հերքելու պատրաստակամության մասին: