Պերմյակովին Հայաստանին չփոխանցելը ՀՀ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության շարունակություն է
11:17, February 9, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄի քանի օր է ռուսական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի օլիգոֆրենիա հիվանդությամբ տառապելու լուրը:
«Նման տիպի բոլոր հրապարակումները պետք է դիտարկել այն վարքագծի շրջանակներում, որը որդեգրել է հայկական կողմը Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության հարցում: Միանշանակ է, որ միտումը տեղի ունեցածի բուն բովանդակությունը կոծկելն է, որը ես անվանում եմ ահաբեկչական գործողություն: Նախ՝ Պերմյակովին ապօրինի կերպով առևանգելը և ռուսական ռազմաբազայում պահելը, հայ իրավապահներին չհանձնելը, նաև եկող հրապարակումները մի մեսիջ են կրում՝ հայկական կողմին ուղղված` մտքներովդ չանցնի, թե որևէ կերպ Պերմյակովը կհանձնվի հայկական կողմին, կամ գործը կքննվի հայ իրավապահների կողմից»,- երեկ մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Այս հրապարակումները, իրավապաշտպանի դիտարկմամբ, գալիս են լրացնելու այն տրամաբանությունը, որ հանկարծ Պերմյակովի դատավարության ընթացքում, որին անպայման մասնակցելու են Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, չհնչի տեղեկատվություն, որը ցանկալի չլինի ռուսական կողմին: «Ասենք՝ Պերմյակովը հայտարարի, որ մենակ չի եղել: Որպեսզի ձևավորեն նման հնարավոր բացթողումների վերաբերյալ ալիբի, արդեն հիմա ձևակերպում են, որ նա հոգեկան խնդիրներ ունի: Դրա համար իր բնակավայրի զինկոմի դեմ գործ են հարուցում, որ իբր հիվանդ երեխային զորակոչել է բանակ, որ հետո անցանկալի տեղեկատվական արտահոսքի դեպքում վկայակոչեն Պերմյակովի առողջական վիճակը և հայտարարեն, որ դա չի համապատասխանում իրականությանը»,- ասաց իրավապաշտպանը:
Սաքունցի կարծիքով` այս գործը կոծկելու ձեռագիրը շարունակում է կատարելագործվել: Նա հիշեցրեց, որ Պերմյակովի հայրը երկար հարցազրույց էր տվել և ոչ մի տեղ չէր հիշատակել որդու՝ հոգեկան խնդիրներ ունենալու մասին: Նման հիշատակում չեն արել նաև նրա ծառայակիցները կամ հրամանատարները. «Հիմա հետին թվով փորձում են սրբագրել իրենց բացթողումները: Այն, ինչ անում է ռուսական կողմը՝ հասկանալի է, բայց անհասկանալի է այն, ինչը չի անում հայկական կողմը` Սերժ Սարգսյանը, ԱԱԾ-ն, գլխավոր դատախազը, որոնք բերանները ջուր են առել, միայն հետևում են ռուսական կողմի գործողություններին և մտածում են, թե ինչպես հարմարվեն ռուսական կողմի գծած սխեմային»: Նրա խոսքերով՝ հայկական կողմն ամբողջությամբ անգործության է մատնված:
«Պերմյակովին Հայաստանին չփոխանցելը ես գնահատում եմ որպես ՀՀ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության շարունակություն»,- ընդգծեց իրավապաշտպանը: Նա կանխատեսեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան կա՛մ չի պատասխանի ՀՀ գլխավոր դատախազի նամակին, կա՛մ հղում կկատարի ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների համատեղ հայտարարությանը. «Կասի, որ համատեղ են քննելու, ինչ-որ հանձնաժողով են ստեղծել և այլն, որը լրիվ ապօրինի է»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ամենևին չի բացառում, որ Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունենա, ու եթե հանկարծ նման բան հաստատվի, իհարկե, բոլորովին այլ ընթացք է ունենալու և՛ դատական գործընթացը, և՛ այդ զինվորի ապագան, և՛ ընդհանրապես քրեական գործը: «Բայց ես կարծում եմ, որ նա պետք է որ ոչ մի հոգեկան խնդիր չունենար, որովհետև անցել է բոլոր զինվորական ստուգումները, զորակոչվել է բանակ: Եթե այս նյութը պատվիրված լինի, ու Պերմյակովի հոգեկան լինելու վարկածն առաջ տարվի, ապա գործը բոլորովին այլ ընթացք կստանա: Նաև այդ պատճառով է, որ հայ հասարակությունը պահանջում է Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Այդ դեպքում բոլոր այս ասեկոսեները հօդս կցնդեն»,- ասաց նա:
Անդրադառնալով փաստին, որ ՀՀ գլխավոր դատախազը արդեն դիմել է, որպեսզի Պերմյակովին փոխանցեն հայկական կողմին՝ Վ. Հարությունյանը նշեց. «Այն պահից, երբ հայկական կողմն ակնհայտ անգործություն ցուցաբերեց և թույլ տվեց, որ Պերմյակովին մտցնեն ռուսական ռազմաբազայի տարածք, արդեն նրան հայկական կողմին հանձնելու հավանականությունը մոտեցավ զրոյի: Դա հիմա շատ քիչ հավանական է: Հայկական կողմը հիմա պետք է շատ ջանք թափի, իսկապես ցանկանա, որ նրան փոխանցեն հայկական կողմին, որպեսզի ռուսական կողմին կարողանան համոզել: Մի բան, որ մերոնք չեն անում: Կարծում եմ՝ ՀՀ գլխավոր դատախազի նամակն ուշացած է, քանի որ զարգացումներն արդեն գնացել են, արդեն ռուսները վարում են քննությունը, ռուսական պաշտոնական աղբյուրներն իրենց հայտարարություններն արել են: Հիմա ի՞նչ է, ռուսական կողմը պետք է իր հայտարարություններից հե՞տ կանգնի»:
Իրավապաշտպանը նաև նկատեց, որ ոչ մի ռուս պաշտոնյա չի հայտարարել, որ Պերմյակովին չեն հանձնելու հայկական կողմին: «Ընդհակառակը, հայկական կողմն է իր պաշտոնյաների բերանով փորձել բացատրություններ գտնել, թե ինչու ռուսները Պերմյակովին մեզ չհանձնեցին: Նման պայմաններում քիչ հավանական է, որ ռուսական կողմը հանձնի նրան»,- ասաց նա:
Աղբյուրը՝ www.1in.am