«Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի բողոքի քննությունը կշարունակվի
18:37, March 9, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2017 թ. մարտի 9-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, կայացավ «Էլեկտրիկ Երևան»-ի մասնակից Միքայել Կիրակոսյանի բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ վերջինս 2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Հարուցվել էր քրեական գործ, որը 2016 թ. դեկտեմբերի 26-ին կարճվել էր:
Բողոքի քննությանը ներկա էին Մ. Կիրակոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և վարույթն իրականացրած ՀՀ ՀՔԾ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը:
Դատարանն ստուգեց կողմերի ինքնությունը և քննարկեց բացարկի միջնորդությունների բացակայության հարցը, այնուհետև որոշեց բողոքի քննարկման կարգը:
Դատական նիստերի դահլիճում մեկ այլ գործով նախապես դատական նիստ նշանակված լինելու պատճառով բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ. ապրիլի 7-ին՝ ժամը 15:00-ին: