ՀԽ-ի նկատմամբ բեսպրեդելը ակնհայտ ապօրինի հետապնդում է քաղաքական հայացքների համար
11:46, April 9, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Երեկվա բեսպրեդելը, ըստ էության, ակնհայտ ապօրինի հետապնդում էր քաղաքական հայացքների համար: Պայմանավորված էր Սեֆիլյանենց այն գործողություններով, որոնք ակնհայտորեն ուղղված են իշխանությունների հեռացմանը»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ գնահատելով երեկ տեղի ունեցած 6 անձի ձերբակալությանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ Սեֆիլյանենց մեկուսացումը բնավ պայմանավորված չէ ապրիլի 24-ին նախատեսվելիք ակցիաներով: Ըստ նրա՝ դա ընդամենը պատրվակ է, իսկ այն, ինչ արեցին իշխանությունները, բնորոշ է իրենց: «ԲՀԿ-ի հետ էլ փետրվարի 12-ին այդպես վարվեցին: Դա նրանց գործելավոճն է»,- ասաց Սաքունցը:
Վերջինիս խոսքով՝ պնդումը, թե նրանց կողմից զանգվածային անկարգություններ էին պլանավորվում, հորինված է և հիմնազուրկ, հետևաբար երեկ կատարվեցին ակնհայտ ապօրինի ձերբակալություններ, և ձերբակալվեցին մարդիկ, ովքեր հիմնականում որոշակի դերակատարում կարող էին ունենալ քաղաքական այդ շարժման համար:
Իրավապաշտպանի կարծիքով՝ ձերբակալություններից հետո հետագա սցերանը պարզ է. ձերբակալվածներին նախնական կալանք կտան, ապա ազատ կարձակեց, որը կհաջորդի ապրիլի 24-ին:
Հարցին, թե իսկապե՞ս «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները իշխանությունների համար նման մեծ վտանգ էին ներկայացնում, որ նրանց մեկուսացման փորձ արվեց, Սաքունցը պատասխանեց. «Այսօրվա իշխանությունների համար ցանկացած քաղաքացիական և քաղաքական ակտիվություն վտանգ է ներկայացնում, որովհետև իշխանութունը որևէ բան չունի առաջարկելու հասարակությանը, հետևաբար իր իշխանության պահպանման միակ արգումենտը մնում է ուժը: Այնպես որ այսօր «Հիմնադիր խորհրդարանն» է, վաղը կարող է լինել «Քաղաքացիական պայմանագիրը», մյուս օրը՝ ինչ-որ ուրիշ շարժում: Նրանք, ովքեր հարց կդնեն իշխանության փոփոխության համար, միանշանակ վտանգ են ներկայացնում իշխանությունների համար»:
Աղբյուրը՝ www.1in.am