Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին դիմում ԱԱԾ պետին եւ գլխավոր դատախազին
17:57, April 9, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը էլեկտրոնային եւ փոստային նամակներով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ պետին՝ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ քննություն իրականացնելու համար:
«Հարգելի՛ պարոն գլխավոր դատախազ,
Հարգելի՛ ազգային անվտանգության ծառայության պետ,
ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանը 2008թ.-ից մինչեւ 2018թ.՝ ՀՀ նախագահի պաշտոնում աշխատելու տարիներին, տիրապետելով 2005թ. Սահմանադրությամբ լիազորություններին, դրանք օգտագործել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի զավթելու նպատակով ՀՀ օրենսդրության նորմերի կոպիտ, շարունակական ոտնահարմամբ, իրականացրել է հանցավոր քաղաքականություն, որի արդյունքում.
1. Այդպես էլ իրավական գնահատական չի ստացել, քննություն չի իրականացվել եւ ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չի կրել 2008թ. մարտի 1-ին ՀՀ տասը քաղաքացու սպանության, խաղաղ ցուցարարների նկատմամբ զինված ուժերի ապօրինի կիրառման փաստերով:
2. Տասը տարիների ընթացքում ՀՀ արտաքին պարտքը 1,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասել է մոտ 7 մլրդ դոլարի:
3. ՀՀ բնակչության առնվազն 30 տոկոսը, ըստ պաշտոնական, տվյալների աղքատ է:
4. Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ-ից անվերադարձ արտագաղթել է առնվազն 350 հազար ՀՀ քաղաքացի, վատթարացել է ՀՀ-ում ժողովրդագրական վիճակը:
5. Կոռուպցիան դարձել է համակարգային, եւ ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության գնահատականների՝ կոռուպցիայի ընկալման համաթիվն աճել է՝ հասնելով պետության անվտանգությանը սպառնացող մակարդակին:
6. Վատթարացել է ՀՀ-ում շրջական միջավայրի վիճակը՝ օդի, հողի եւ ջրի աղտոտման անվերահսկելի եւ անպատժելի աղտոտումների պատճառով, որը հանքային ռեսուրսների շահագործման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի, ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու գործելակերպի պատճառ է:
7. Կեղծվել են ՀՀ նախագահի 2008թ., 2013թ. ընտրությունների, 2012թ, 2017թ. Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքները, չեն ապահովվել ազատ եւ արդար ընտրություններ՝ ընտրական իրավունքների զանգվածային, կազմակերպված եւ շարունակական խախտումների հետեւանքով, որոնց կանխման ուղղությամբ իր գլխավորությամբ իրավապահ մարմինները մատնվել են բացառիկ անգործության:
8. 2016թ. ապրիլի 2-ից 6-ը պատերազմական գործողությունների ժամանակ զոհված առնվազն 77 զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ քննություն չի իրականացվել, չնայած զինվորական ծառայության կազմակերպման, իրականացման հետ կապված բազմաթիվ բացթողումների մասին տեղեկություններին:
9. Իրենց քաղաքական հայացքների համար ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվել ՀՀ քաղաքացիները:
Իր հրապարակային ելույթներից մեկում Սերժ Սարգսյանը անձամբ է խոստովանել գաղջ մթնոլորտի առկայության մասին, որը հետեւանք է հենց իր նախագահության ժամանակահատվածում իրականացրած քաղաքականության:
Օրերս, ըստ ԶԼՄ-երի հրապարակման, ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին բերման էր ենթարկել այն հիմքով, թե ասֆալտի վրա «մերժիրսերժին» գրառումը փչացնում է հանրային գույք հանդիսացող ասֆալտը:
Հաշվի առնելով անձամբ Սերժ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը՝ մթնոլորտի գաղջ լինելու մասին, հաշվի առնելով վերը նշված հանցագործությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ելնելով օրենքի առջեւ բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքից, դիմում եմ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, եւ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, որպեսզի վերանա ՀՀ-ում մթնոլորտի գաղջությունը, եւ վերականգնվի առողջ միջավայրում ապրելու իմ, իմ երեխաների, իմ ընտանիքի սահմանադրական իրավունքը:
Դիմող՝ Արթուր Սաքունց
09.04.2018թ.»։