ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետ չի ստանա ավել վճարված կենսաթոշակի գումարները
18:44, May 9, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի կողմից քաղաքացի Արթուր Առաքելյանի դեմ գումարի բռնագանձման պահանջի մասին դատարան ներկայացված հայցադիմումի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ վերջինիս կողմից ներկայացված առարկության հիման վրա դատարանը մերժել է ներկայացված հայցադիմումը:
16-ամյա Շուշանիկ Առաքելյանը 1 տարեկան հասակում ճանաչվել է հաշմանդամություն ունեցող երեխա, և նրա համար նշանակվել է հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ:
Մոր մահից հետո հայրը՝ Ա. Առաքելյանը, չկարողանալով իրականացնել երեխայի խնամքը, յոթնամյա աղջկան տեղավորել է Խարբերդի մանկատանը՝ այդ ընթացքում շարունակելով ստանալ դստեր կենսաթոշակը:
Դատարան ներկայացված հայցադիմումով ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ Վանաձորի տարածքային բաժինը, վկայակոչվելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, պահանջել է Ա. Առաքելյանից բռնագանձել 1.072.680 ՀՀ դրամ՝ որպես ավել վճարված կենսաթոշակի գումար: Հայցադիմումը հիմնավորվել է նրանով, որ երեխան ապրում է մանկատանը, և վերջինիս խնամքն իրականացվում է պետության կողմից, և այս պարագայում Ա. Առաքելյանը պարտավոր էր, համաձայն Օրենքի, տեղեկացնել աղջկա՝ մանկատանը գտնվելու մասին, որի արդյունքում հաշմանդամության սոցիալական կենսաթոշակի վճարումը պետք է դադարեցվեր:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դատարան ներկայացված հայցադիմումի առարկության մեջ, ի թիվս այլ հանգամանքների, պատասխանող կողմը վկայակոչել է նույն օրենքի 41-րդ հոդվածը (Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը), որով նախատեսված՝ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու որևէ հիմք տվյալ դեպքում առկա չի եղել, և Ա. Առաքելյանը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը այդ մասին հայտնելու պարտավորություն, փաստորեն, չի ունեցել: Ավելին՝ նման պարտավորություն, համաձայն ՀՀ Կառավարության 05.05.2011թ. թիվ 665-Ն որոշման, ընկած է, տվյալ դեպքում, մանկատան տնօրինության վրա: Այս պայմաններում Ա. Առաքելյանը չէր կարող իր գործողություններով կամ անգործությամբ պետությանը վնաս պատճառել:
2016 թ. ապրիլի 20-ի վճռով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ ներկայացված առարկության հիմնավորումներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում բացակայում է քաղաքացու ոչ օրինաչափ վարքագիծը, մերժել է ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ Վանաձորի տարածքային բաժնի հայցը՝ ընդդեմ Ա. Առաքելյանի:
Կազմակերպության ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարբեր ստորաբաժանումներ նախկինում էլ նույնաբովանդակ հայցեր են ներկայացրել՝ ընդդեմ քաղաքացիների, որոնց մի մասը մերժվել է դատարանների կողմից: Որոշ գործեր դեռևս գտնվում են դատաքննության փուլում, որոնց հետ կապված ևս ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստակամ է տրամադրելու անվճար իրավական աջակցություն քաղաքացիներին: