Ոստիկանությունում ցուցմունքը կորզելուց հետո խորոված ու խմիչք են պատիվ տվել
10:00, July 9, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՈստիկանությունՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՀՀ արդարադատության եզակի դեպք է արձանագրել: Այսօր «Մեդիա կենտրոնում» նա ներկայացրեց Ալեքսանդր Ցվերիանովի գործով դատարանի հրապարակած արդարացման վճիռը ու պատմեց, որ դատարանը խիզախություն է ունեցել արդարացման վճիռ հրապարակել 16 էպիզոդներով գողության մեջ մեղադրվող Ցվերիանովին:
Նա դատարանի նման վճիռը պայմանավորում է գործում իշխանությունների չհետաքրքրված լինելու հանգամանքով. « Չկար իշխանության շահը այս գործում, այնտեղ որտեղ իշխանության շահը կա, արդարադատություն չենք տեսնում: Այս գործը ցույց է տալիս, որ դատարանը ի վիճակի է լինում իրականացնել արդարադատություն, երբ իշխանությունը չի խառնվում»:
Իրավապաշտպանի խոսքով, դատարանը ոստիկանության ներկայացրած մեղադրանքի 16 էպիզոդներից ոչ մեկը հիմնավոր չի համարել. «Այն գողացված տարածքներում որտեղից մատնահետքեր են վերցվել որեւէ մեկը չի համապատասխանել Ցվերիանովի մատնահետքերին ու այդ հանգամանքը հաշվի չի առնվել նախաքննության ժամանակ, պնդել են մեղադրանքն ու մեղադրանք առաջադրել»:
Պարոն Սաքունցը նաեւ պատմեց, որ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական բաժնի պետ Հակոբյանն էլ Ալեքսանդր Ցվերիանովին առաջարկել է իրեն լավություն անել եւ համոզել է հանուն իրենց բաժնի լավ ցուցանիշների, որոշ հանցագործություններ իր վրա վերցնի, որ տարին լավ փակեն . «Բռնությունների ենթարկվելուց հետո Ցվերիանովը համաձայնել է քննիչների ցանկացած ցուցմունքները տալ ու դրանից հետո ոստիկանությունում նրան խորոված ու խմիչք են պատիվ տվել: Բայց խմածությունը թույլ չի տվել ցուցմունք տալ, արձանագրությունում էլ է քննիչը գրել` խմած է եղել, բայց հարց է առաջանում` որտե՞ղ է խմել»:
Եթե իշխանության հետաքրքրվածությունը չկա՞ր Ցվերիանովի գործում, ոստիկանությունում ինչո՞ւ են նման կերպ աշխատել հարցին, պարոն Սաքունցն ասաց, որ ոստիկանության գործունեության դրվածքն է` լավ է աշխատում, եթե բացահայտումների տոկոսը մեծ է. «Ոչ թե գնահատման հիմքում ընկած է օրինականության ապահովումը, մարդու իրավունքները չխախտելը, այլ ամեն գնով հանցագործությունների բացահայտումը, հետեւաբար ոստիկանության աշխատակիցները, ինչպես ոստիկանապետն էր ասում` մսագործները դառնում են առաջին ջութակ նվագողի դերում ու խոշտանգում են, մարդկանց դրդում խոստովանել այնպիսի հանցագործություններ, որոնք չեն կատարել»:
Աղբյուրը՝ www.aravot.am