Ի՞նչ հետևություն է արել Արթուր Սաքունցը Սեյրան Օհանյանի հայտարարությունից
23:10, August 9, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Խաղաղապահը մենք ենք, ոչ օտարերկրյա զորքերին», «Պատերազմի նժարին մարդկային կյանքն է» պաստառներով օգոստոսի 8-ին, մի քանի տասնյակ քաղաքացիները Հանրապետության հրապարակից մեկնարկեցին «Խաղաղության երթը», որով խաղաղություն էին պահանջում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններից:
Երթը հասարակության մեծ մասի կողմից ոչ միայն չընդունվեց, այլև մեղադրանքներ հնչեցին երթի կազմակերպիչների և մասնակիցների հասցեին: Ոմանք նրանց դավաճաններ համարեցին, ոմանք էլ մեղադրեցին գրանտակերության և ներքին անկայունություն հրահրելու մեջ: Շատերին զայրացրել էր այն փաստը, որ երթն անցկացվում է այն նույն պահին, երբ հակառակորդ կողմը Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին կեղծ համազգեստով ներկայացնում էր որպես դիվերսանտ, իսկ երթի ավարտից անմիջապես հետո ադրբեջանական ՊՆ հայտնեց վերջինիս մահվան լուրը:
NewsBook-ի հետ զրույցում երթի մասնակից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ ինքը երթի կազմակերպիչը չէ, և պարտավոր չէ որևէ մեկի քննադատությանը արձագանքել: Այն, որ մեղադրանքներն ուղղված էին նաև երթի մասնակիցներին, վերջինս ասաց. «Իմ մասնակցությունը երթին պայմանավորված էր նրանով, որ սա խաղաղության ուղղված երթ էր, և խաղաղությունն ու մարդկային կյանքը վեր են ամեն ինչից: Հասարակությունը խաղաղության երաշխիքը պետք է պահանջի իշխանություններից, և իշխանությունները պարտավոր են կատարել իրենց խոստումը՝ ապահովել խաղաղությունը հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել հարցի խաղաղ կարգավորման մասին հայտարարություններով, և մինչև այսօր նախահարձակ կողմը` Ադրբեջանն է, իրավապաշտպանը չհերքեց, միևնույն ժամանակ հիշեցնելով` ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի Կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունը. «Թուրքը մնում է թուրք, և մենք նրա հետ գործելու ենք այն կանոններով, որով ինքն ուզում է մեզ հետ գործել: Ստացվում է, որ հրաժարվում են հարցի խաղաղ կարգավորումից»,- ասաց Սաքունցը, միևնույն ժամանակ հարց բարձրացնելով, թե ո՞ւր էին սահմանապահները, երբ գյուղի բնակիչը սահմանն էր հատում. «Ի՞նչ վիճակում են գտնվում մեր սահմաններն այսօր, ո՞ւր էին մեր սահմանապահները, երբ այդ դեպքը եղավ: Էս հարցերը մի հատ իշխանությանը պետք է տալ»,- բարբոքված եզրափակեց Սաքունցը:
Աղբուրը` www.newsbook.am