ՀՀ Հատուկ քննչական ծառայության գործունեության մշտադիտարկում՝ վատ վերաբերմունքի/խոշտանգման գործերը քննելու տեսակետից
16:26, September 9, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն2015 թ. փետրվարի 1-ից «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության մշտադիտարկում՝ վատ վերաբերմունքի/խոշտանգման գործերը քննելու տեսակետից» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի զարգացնել վերահսկողության մեխանիզմները Հատուկ քննչական ծառայության գործունեության նկատմամբ՝ որպես վատ վերաբերմունքի/խոշտանգումների դեպքերի արդյունավետ քննության իրականացման երաշխիք: Վերոնշյալ դեպքերին առնչվող խնդիրների վերհանման նպատակով նախատեսվում է տեղեկատվության հավաքագրում փաստաբանների միջոցով, պետական մարմիններից և ԶԼՄ-ներից, ինչպես նաև ՀՔԾ-ի կողմից քննվող գործերի մշտադիտարկում և դրա արդյունքների հետագա կիրառման հնարավորությունների մշակում: Մասնավորապես, նախատեսվել է մշտադիտարկում՝ ՀՀ ՀՔԾ-ի կողմից քննված վատ վերաբերմունքի/խոշտանգման գործերով ընթացող դատավարությունների և մինչդատական վարույթում կայացված որոշումների օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման գործերի առնչությամբ: Ձեռնարկված գործողությունների շրջանակներում ձեռք են բերվել ուշագրավ տվյալներ՝ նախնական գնահատականներ տալու համար, մասնավորապես պարզվել է, որ ընտանեկան բռնության հիմքով հարուցված քրեական գործերն ավարտվում են մինչդատական վարույթում՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման կայացմամբ, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ՀՀ ՀՔԾ-ի որդեգրած պրակտիկան և վկայում է ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին:
Մշտադիտարկում իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանին ներկայացված հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՀՔԾ աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ Ա. Մնացականյանի կողմից առաջարկվել էր տեղեկություններ ստանալ տնօրինողից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից, չնայած որ հիշյալ կառույցներին տեղեկատվությունը փոխանցվում է, բացառապես, վիճակագրություն վարելու համար: Վարչական բողոքի վերաբերյալ պատասխան չստանալով՝ կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ ՀՔԾ-ին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու մասին՝ որպես հիմնավորման ելակետ ընդունելով տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքի այն մեկնաբանությունը, ըստ որի՝ պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը՝ նշելով, որ պահանջվող տեղեկատվության տնօրինող համարվում է հենց ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:
Ծրագրի շրջանակներում 2013 և 2014 թթ. քննված գործերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ են ուղարկվել ՀՀ դատական դեպարտամենտ, ՀՀ ոստիկանություն և ՀՀ գլխավոր դատախազություն: Վերջինի կողմից կազմակերպության ներկայացրած հարցումների վերաբերյալ որևէ պատասխան այդպես էլ չի ներկայացվել: Վատ վերաբերմունքի/խոշտանգման գործերով ներգրավված փաստաբաններից անհրաժեշտ տեղեկություններ հավաքագրելու նպատակով հարցում է ուղարկվել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա. Զոհրաբյանին :
Այժմ իրականացվում է Մինչդատական վարույթում կայացված որոշումների օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման գործերով մշտադիտարկումը, որը կշարունակվի առաջիկա ամիսների ընթացքում: