Ռուստամ Ղազարյանի գործով դատաքննությունն ավարտված է
12:11, December 9, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Պացիենտների իրավունքներ2015թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ա. Պետրոսյանի, շարունակվեց «Ռուստամ Ղազարյանը՝ ընդդեմ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի» գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 23-ին կայացվել էր՝ գործի դատաքննությունը վերսկսելու մասին որոշում՝ սույն գործով մեկ այլ դատավորի կողմից կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ստացված հավելվածը դատավոր Ա. Պետրոսյանին մակագրվելու պատճառով:
2015թ. դեկտեմբերի 8-ի դատական նիստը կրկին կայացավ միայն հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ: Նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը հայտնեց, որ պատասխանող կողմը պատշաճ ծանուցվել է դատական նիստի օրվա և ժամի մասին, իսկ հայցվոր Ռ. Ղազարյանի՝ ծանուցված լինելու մասին Դատարանը որևէ տեղեկություն չուներ, չնայած, որ վերջինիս ուղարկվել էր համապատասխան ծանուցագիր:
Հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հայտնեց Դատարանին, որ Ռ. Ղազարյանը որևէ ծանուցում չի ստացել, սակայն իր կողմից տեղեկացվել է նշանակված դատական նիստի օրվա և ժամի մասին: Միաժամանակ, Տ. Սիրադեղյանը Ռ. Ղազարյանի ստորագրությամբ միջնորդություն ներկայացրեց Դատարան, որով վերջինս հայտնել էր, որ տեղեկացված է գործի քննությունը վերսկսելու և նշանակված նիստի մասին, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին: Դատարանը որոշեց նիստը շարունակել հայցվոր Ռ. Ղազարյանի և պատասխանող կողմի բացակայությամբ:
Դատական նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ստացված հավելվածը Դատարանի վարույթում քննվող գործին միացնելու հարցը: Հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը նշեց, որ Դատարանի կողմից նախկինում վերադարձված և այնուհետև վարույթ ընդունված հայցերը բովանդակային առումով որևէ կերպ չեն տարբերվում միմյանցից, հետևաբար դրանք չեն կարող միացվել իրար, ուստի խնդրեց հավելվածը կցել արդեն իսկ քննվող գործին՝ որպես գործին առնչվող նյութ:
Դատարանը, լսելով հայցվորի ներկայացուցչի կարծիքը, ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներով, իր արձանագրային որոշմամբ որոշեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանից ստացված հավելվածը կցել իր վարույթում քննվող գործին:
Տ. Սիրադեղյանը դատարանին ներկայացրեց նաև Ռ. Ղազարյանի նկատմամբ կայացված մեղադրական եզրակացության և դատավճռի պատճենները, որից հետո Դատարանը գործի դատաքննությունը համարեց ավարտված:
Սույն գործով վճիռը կհրապարակվի 2015թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:45-ին: