Մաշտոցի պողոտայի ցուցարար Գ. Տոնոյանի ներկայացուցիչը միջնորդեց մասնակի կարճել գործի վարութը
10:30, September 1, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2017 թ. օգոստոսի 31-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի և Գ. Տոնոյանի հակընդդեմ հայցի քննությունը:
Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը հայցադիմումի առարկան ու հիմքերը ներկայացնելիս նշեց, որ Գ․ Տոնոյանը 2016 թ․ մարտի 24-ին կազմակերպված հավաքի ժամանակ խոչընդոտել է հավաքի բնականոն ընթացքն ու չի կատարել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը: Որպես ապացույց վկայակոչեց վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի նյութերը և դատարան ներկայացված ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութերը։
Գ․ Տոնոյանի ներկայացուցիչը առարկեց հայցի դեմ և նշեց, որ Գ․ Տոնոյանի արարքում բացակայում են իրեն վերագրվող արարքի հատկանիշները։
Քանի որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ մասով իրավախատում կատարելու վերաբերյալ ոստիկանության բաժնում արձանագրություն չի կազմվել և դատարան չի ներկայացվել, Տ. Սիրադեղյանը միջնորդեց այդ մասով կարճել գործի վարույթը: Դատարանը միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ:
Տ. Սիրադեղյանը ներկայացրեց նաև հակըընդեմ հայցի հիմքերը: Նշեց, որ ոստիկանության գործողությունների արդյունքում խախտվել են ցուցարարի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, կարծիքի ազատ արտահայտման և հավաքների ազատության իրավունքները: Որպես ապացույց վկայակոչեց ԶԼՄ նյութերի քաղվածքներ և տեսաձայնագրություններ, որոնք դատարան էին ներկայացվել ավելի վաղ:
Դատարանը կողմերին հարցեր ուղղելուց հետո դատաքննության օր նշանակեց 2017 թ․ հոկտեմբերի 16-ը: Նիստը նշանակված է ժամը 14։30-ին։