Քոչարյանի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները Սերժ Սարգսյանը խախտեց
10:12, February 1, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններLragir.am-ի հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, Հայաստանում առաջին անգամ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից: Ինչո՞վ է առանձնահատուկ նախագահի ընտրության այս գործընթացը և ինչո՞վ է տարբերվում նախկինից:
Իրապես առաջին անգամ հանրապետության նախագահն ընտրվելու է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում: Այստեղ, բացի իրավական կարգավորումներից, շատ կարևոր է այն, թե ինչպես է անցում կատարվում այդ նոր նախագահի ընտրության ինստիտուտին: Շատ ուշագրավ մի հանգամանք ենք մենք նկատում այս գործընթացում: Նախկինում կար օրինաչափություն, որ նախագահի թեկնածուն առաջադրվում էր որևէ քաղաքական ուժի կողմից: Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀՇ-ն իր համագումարում, Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ ՀՀԿ-ն կուսակցության արտահերթ համագումարների միջոցով: Ռոբերտ Քոչարյանը չուներ կուսակցություն, քանի որ հանրապետության նախագահն ու ԱԺ նախագահը հրաժարական էին տվել, Քոչարյանն ի պաշտոնե ստանձնել էր երկրի նախագահի գործառույթները: Եվ իր թեզն էր՝ «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է»: Եվ ըստ էության մի քանի քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՀԿ-ն, պաշտպանեցին ու առաջադրեցին նրա թեկնծությունը:
Հիմա, ապագա նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածությունը միայն Սերժ Սարգսյանն է առաջադրում: Սա շատ ուշագրավ հանգամանք է, որ առաջին անգամ հանրապետության նախագահի թեկնածություն առաջադրում է գործող նախագահը: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չէր առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, գոնե փաստացի այդ առաջադրումն արել էր ՀՀԿ-ն՝ իր 2007 թվականի արտահերթ համագումարում:
Այսինքն՝ սա դե՞մ է խորհրդարանական կառավարման համակարգին: Մինչ այդ, խոսվում էր կուսակցությունների դերի բարձրացման մասին:
Այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում տրամաբանական է, որ կուսակցության դերը պետք է բարձրանար: Դա այն պարագայում, երբ նախագահական կառավարման համակարգի պայմաններում հենց կուսակցություններն էին թեկնածություն առաջադրելու գործառույթն իրականացնում: Այսինքն՝ սրանով պետք է արձանագրենք, որ նախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու այն հիմնավորումներից մեկը, թե սա ուղղված է կուսակցությունների կայացմանը, ճիշտ չէ: Այդ թեզը ներկայացնող Սերժ Սարգսյանը հենց ինքը խորհրդարանական համակարգի տրամաբանությանը դեմ քայլ է կատարում: Ավելին, նա ոչնչացնում է Ազգային ժողովում քաղաքական կայուն մեծամասնություն ունեցող կուսակցությունների դերը: Փաստացի ինքը փոխարինում է այդ կուսակցություններին: ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների թվի առնվազն ¼-ը: Այսինքն՝ խորհրդարանը պետք է առաջադրեր թեկնածուին: Իսկ անցումային դրույթներում ընդամենը նշվում է, որ հանրապետության նախագահն առաջադրվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ: Այսինքն՝ մենք հիմա տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը, երբ հայտարարեց, որ առաջադրում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը, կատարեց իր իսկ կողմից փոփոխված սահմանադրական դրույթի խախտում: Եվ սրա մասին այս նույն Ազգային ժողովում ներկայացված որևէ պատգամավոր չի բարձրաձայնում: Սա փաստում է, որ խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը տեղավորվում են Սերժ Սարգսյանի ձևավորած օրակարգի մեջ: Այս քայլով Սերժ Սարգսյանը ոչնչացնում ու զրոյացնում է խորհրդարանական կառավարման հիմքը հանդիսացող կուսակցությունների դերակատարությունը: Այսինքն՝ արձանագրում ենք, որ Սերժ Սարգսյանն ակնհայտ կատարեց հակասահմանադրական քայլ:
Հետևաբար, նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցման գործընթացում խնդիրնե՞ր ենք արձանագրում:
Նախագահականից խորհրդարանական կառավարման անցումն ունի զուտ ձևական բնույթ, որովհետև դա կատարում է մեկ անձը՝ ոչ թե ելնելով մշակված խաղի կանոնները պահպանելուց, այլ կամայական մոտեցմամբ: Մենք ի սկզբանե ասում էինք, որ այս սահմանադրական փոփոխությունների իմաստը Սերժ Սարգսյանի կառավարման շարունակականության ապահովումն է: Դրա ապացույցներից մեկը հանդիսանում է հենց այս փուլում Սերժ Սարգսյանի գործելաոճը: Եվ այս առումով շատ հետաքրքիր կլիներ իմանալ նախորդ նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի կարծիքները, թե ինչպես են իրենք գնահատում այս անցումը: Շատ ավելի հետաքրքիր կլիներ իմանալ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը: Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը, ով ժամանակին ասել էր, թե Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանն է իր ամենաանհաջող կադրը, հիմա կասի, որ իր ամենաանհաջող կադրը Սերժ Սարգսյանն է: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները Սերժ Սարգսյանը խախտեց: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը մի անձ է, ով ոչ միայն անհաջող կադր է Ռոբերտ Քոչարյանի համար, այլ նաև անհաջող կադր է Սահմանադրության ու հանրային ընկալումների տեսակետից: