Ժողովրդավարության համաթիվ 2017։ Հայաստանը հիբրիդային ռեժիմ
18:13, February 1, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունThe Economist Group-ի հետազոտական և վերլուծական բաժինը (The Economist Intelligence Unit) հրապարակել է 2006 թվականից իրականացվող Ժողովրդավարության համաթիվը ներկայացնող ուսումնասիրության 2017թ․ զեկույցը։
Համաթիվը համակցում է 60 ցուցանիշ, որոնք վերաբերում են 5 լայն խմբերի՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն (Electoral processes and pluralism), Կառավարության աշխատանքը (Functioning of government), քաղաքական մասնակցություն (Political participation), քաղաքական մշակույթ (Political culture) և քաղաքացիական ազատություններ (Civic liberties)։ 2018թ․ հրապարակված վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհի բնակչության 5%-ից պակասն է ապրում լիարժեք ժողովրդավար երկրներում։ Մոտ մեկ երրորդը ապրում են ավտորիտար իշխանությունների ներքո։ Ընդհանուր առմամբ 167 երկրերներից 89-ի ցուցանիշը վատթարացել է 2017-ին, իսկ այ Հայաստանի ցուցանիշն այս տարի բարելավվել է։
Արևելյան գործընկերության երկրներից Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան նույնպես համարվում են հիբրիդային ռեժիմներ, սակայն գտնվում են համապատասխանաբար 78-րդ, 79-րդ և 83-րդ տեղերում։ Արևելյան գորրծընկերության մյուս երկու պետությունները՝ Բելառուսը և Ադրբեջանը համարվում են ավտորիտար պետություններ և գտնվում են համապատասխանաբար 138-րդ և 148-րդ հորիզոնականներում։ Այս պետությունների շարքին է դասվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, որ գտնվում է 135-րդ հորիզոնականում։
Ըստ ուսումնասիրության, Հայաստանը 167 երկրների շարքում 111-ն է և 38 այլ երկրների հետ համարվում է հիբրիդային ռեժիմ։ Հայաստանին հաջորդում են Իրաքը, Գամբիան, Հաիթին և Մոզամբիկը, որից հետո ներկայացվում են ավտորատիր պետությունները։ Հայաստանի վերաբերյալ ամենացածր 1.88 միավոր է գնահատվել քաղաքական մշակույթի վիճակը և կառավարության աշխատանքը (2.88), իսկ ամենաբարձրը գնահատվել է քաղաքացիական ազատությունների վիճակը (5.59) և ընտրական գործընթացներն ու բազմակարծությունը (5.25)։
Ժողովրդավարության համաթվի արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում Հայաստանին առնչվող ցուցանիշները գրեթե չեն փոխվել իսկ փոփոխությունները հիմնականում եղել են բացասական։ 2016թ․ Հայաստանը դասվել է ավտորիտար երկրների շարքում՝ քաղաքական մշակույթի ցուցանիշի կտրուկ նվազման պատճառով։ Միաժամանակ 2017 թվականի ինդեքսը որոշակի բարելավում է արձանագրել ընտրական գործընթացների և քաղաքական մասնակցության առումով, ինչը Սահմանադրության փոփոխություններով կառավարման խորհրդարանական համակարգի անցման արդյունքն է։ Փոխարենը նվազել է քաղաքացիական ազատությունների ցուցանիշը։
Այնուամենայնիվ համաթվի փոփոխության ընդհանուր միտումներից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության բարելավման ուղղությամբ գործուն քայլեր չեն իրականացվում և երկիրը գտնվում է ավտորիտարիզմի սահմանին։
Նյութը պատրաստեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վ. Գրիգորյանը
Աղբյուր՝ Democracy Index 2017