ԲՍՓ գործակալությունը բավարարել է ութերորդ տարում հաշմանդամության կարգ չստացած կնոջ բողոքը
11:15, August 1, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել բժշկասոցիալական հերթական վերափորձաքննության արդյունքում առանց որևէ հիմնավորման հաշմանդամության կարգ չստացած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:
Վանաձորի բնակիչ Ժ. Չ.-ի համար, սկսած 2011 թ.-ից, 7 տարի շարունակ հաշմանդամության 3-րդ կարգ է սահմանվել: 8-րդ տարում, սակայն, հերթական վերափորձաքննության արդյունքում հաշմանդամության կարգ չի սահմանվել: Ընդ որում, դրա վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը որևէ պարզաբանում չի տվել հաշմանդամության կարգ չսահմանելու պատճառների մասին:
Ժ. Չ.-ի առողջական խնդիրները կապված են զարկերակային ճնշման տատանումների հետ: Նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո: Դրա մասին են վկայում բժշկական հաստատությունների կողմից տրված էպիկրիզները: Առողջական վիճակի դրական տեղաշարժ վերջին 8 տարիներին կնոջ մոտ չի արձանագրվել, սակայն բժշկասոցիալական վերափորձաքննության հանձնաժողովի անդամները ուշադրություն չեն դարձրել դրան ու կամայականորեն որոշել են հաշմանդամության խումբ չսահմանել:
Հիմնվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների վրա՝ Ժ. Չ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի որոշումը: Դրանում հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ Հանձնաժողովը խախտել է վերոնշյալ օրենքի դրույթներն ու առանց օբյեկտիվ քննության՝ հրաժարվել է հաշմանդամության խումբ սահմանել:
Օրեր առաջ ՀՀ ԲՍՓ գործակալությունը բողոքը բավարարել է և վերացրել հաշմանդամության կարգ չսահմանելու մասին բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի որոշումը:
Ժ. Չ.-ի համար հաշմանդամության խումբ սահմանելու հարցը կվերանայվի: